Հերթական գիտական սեմինարը՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում

Դիտումների քանակ՝ 1045

«Աշխատուժի միգրացիա» հետազոտական ուղղության շրջանակներում այսօր «Ամբերդ» հետազոտական կենտրոնում կայացավ «Արտագաղթի սոցիալ-ժողովրդագրական հետևանքները» խորագրով գիտական սեմինար, որի հիմնական բանախոսը թեմայի ղեկավար, տ.գ.դ. դոցենտ Զոյա Թադևոսյանն էր:

Սեմինարի ընթացքում հետազոտական խումբը ներկայացրեց իր կատարած հետազոտություններն առանձին բաղադրիչներով:

Վերլուծվեց  ՀՀ ժողովրդագրական իրավիճակը և շեշտադրվեցին  առկա հիմնախնդիրները:

 Հետազոտական խումբն արժևորեց  հատկապես մարդկային կապիտալի դերը` գիտելիքահենք տնտեսության զարգացման գործում:  Խոսվեց ՀՀ բնակչության բնական աճը բնութագրող ցուցանիշների մասին /ծնունդ, մահացություն/, նշվեցին  ՀՀ-ում 1960-2011թթ. ժողովրդագրական հիմնական ցուցանիշների դինամիկայի առանձնահատկությունները:  

 
ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, մեկնաբանելով քննարկվող հիմնախնդիրները, նշեց, որ դրանք  շատ ակտուալ են, հետազոտական խումբը լավ աշխատանք է կատարել և ներգրավել է նաև ուսանողներին:

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը  շնորհակալություն հայտնեց հետազոտական խմբին`հետաքրքիր զեկուցումների  համար և նշեց, որ թեման հետաքրքրում է բոլորին և ՀՀ-ի համար ունի առանցքային նշանակություն: «Միգրացիան մի երևույթ է, որը յուրահատուկ է բոլոր ժամանակներին, ուստի կարևոր է բացահայտել կոնկրետ պայմաններում դրա դրդապատճառները և քաղաքականությունն ուղորդել դրանց կարգավորմանը», - հավելեց տնօրենը: 

Սեմինարի գլխավոր բանախոս Զոյա Թադևոսյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի հետ զրույցում նշեց. «Մեր հետազոտական խումբը այսօր ներկայացրեց թեմայի  տեսական հատվածը, իսկ կիրառական մասը  կներկայացնենք առաջիկայում, որտեղ կլինեն 1988-ից հետո Հայաստանում տեղի ունեցող միգրացիոն երևույթների  որակական գնահատումներ»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին