Հետազոտում են մագիստրանտները. թեման ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտներն են

Դիտումների քանակ՝ 1050

Բաց դասի շրջանակներում այսօր ՀՊՏՀ մեծ դահլիճում  հանդես եկան ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի հաշվապահական հաշվառումն ըստ ճյուղերի մասնագիտության 2-րդ կուրսի մագիստրանտները:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ Ալվարդ Սարգսյանը նշեց, որ արդեն երկրորդ տարին է, որ մագիստրանտների հետ աշխատում են այս ձևաչափում. յուրաքանչյուրի հետ կատարվում է անհատական աշխատանք, հետազոտությունը ներկայացվում է հրապարակային ձևով և դրվում է քննարկման: «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտներին (ՀՀՀՀՍ) այս անդրադարձերը բովանդակային իմաստով նոր նյութ են պարունակում և որպես ինքնուրույն աշխատանք՝ զարգացնում են ուսանողի հետազոտական կարողությունները»,- հավելեց ամբիոնի վարիչը:

Իսկ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը ողջունեց ամբիոնի նախաձեռնությունը` մագիստրոսական կրթության նոր ձևաչափում նման դիտարժան և նոր որակի դաս կազմակերպելու համար, որը լսարան է բերում նոր նյութ, թույլ է տալիս առավել խորամուխ լինել հետազոտական աշխատանքներում և ի հայտ բերել ուսանող-դասախոս համագործակցության նոր որակ:

Որպես բանախոսներ այսօրվա բաց դասին հանդես եկան Անուշ Անտոնյանը «Հանրային հատվածի վարձակալության հաշվառումը` ըստ ՀՀՀՀՍ 18-րդ բաժնի», Հայարփի Սողոմոնյանը «Աշխատակիցների հատուցումների հաշվառումը` ըստ ՀՀՀՀՍ 28-րդ բաժնի», Սաթենիկ Կարապետյանը «Համախմբված և առանձին ֆինանսական հաշվետվությունները` ըստ ՀՀՀՀՍ 9-րդ բաժնի» , Սյունե Բադալյանը «Կազմակերպությունների միավորում և գուդվիլ` ըստ ՀՀՀՀՍ 22-րդ բաժնի»:

Սկսնակ հետազոտողներն իրենց ուսումնասիրած նյութի շրջանակներում պատասխանեցին առաջադրված հարցերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին