ՀՀ ինովացիոն ոլորտը և բնապահպանական ու բնօգտագործման վճարները` ՀՊՏՀ գիտնականների ուսումնասիրության թեմաներ

Դիտումների քանակ՝ 1210

Այսօր  նիստերի սրահում  հաջորդաբար տեղի ունեցան  ՀՊՏՀ ներքին գիտական դրամաշնորհների 3-րդ միջանկյալ հաշվետվություների հերթական շնորհանդեսները:

ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը ողջունեց ներկաներին`ընդգծելով այն հանգամանքը, որ հետազոտական համալսարան դառնալու ճանապարհին այս սեմինարների կազմակերպումը մեծ նշանակություն ունի: Պրոռեկտորը կարևորեց  ուսանողների մասնակցությունը սեմինարներին և ասաց, որ ակնկալվում է նրանց ակտիվ ներգրավումը հետազոտական աշխատանքներում:

«Մեր բուհի կողմից իրականացվող հետազոտությունները նպատակ ունեն վեր հանելու ՀՀ-ի` զարգացման ճանապարհին առկա տնտեսական հիմնախնդիրները, նպաստելու, որ մեր երկիրը օր առաջ դուրս գա զարգացման ուղեծիր»,- հավելեց պրոռեկտորը:

ՀՊՏՀ գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը ներկայացրեց առաջին թեման`«ՀՀ տնտեսության նորամուծային - տեխնոլոգիական արդիականացումը երկարաժամկետ ինստիտուցիոնալ փոխակերպման պայմաններում»: Թեմայի ղեկավար, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան,  տ.գ.թ. դոցենտ   Ատոմ Մարգարյանը նշեց, որ իրենց գիտահետազոտական խումբը լուրջ վերլուծություններ է կատարել: Սեմինարի ընթացքում ներկայացվեց  իրավիճակը ՀՀ նորաստեղծական (ինովացիոն) ոլորտում,  2008-2009թթ. գլոբալ ֆինանսատնտեսական  ճգնաժամի ազդեցությունը  զարգացող երկրների  վրա և այլն:

Թեմայի ղեկավարը գծագրի միջոցով ցույց տվեց Հայաստանի դիրքը գլոբալ նորաստեղծական տեխնոլոգիաների ոլորտում, ընգծեց, որ վերջին տարիներին զգալի աճ է գրանցվել: Ներկայացվեց աշխարհի 42 երկրների գլոբալ նորարարական ինդեքսը `ԳՆԻ, որտեղ Հայաստանը գտնվում է միջինից ցածր ենթախմբի երկրների շարքում: Սակայն, ինչպես նշվեց, Հայաստանը տարածաշրջանում առաջատար է`Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի նկատմամբ:

Սեմինարին խոսվեց թեմային առնչվող մի շարք կարևոր իրողությունների մասին:

Հաջորդ շնորհանդեսը  «Բնապահպանական և բնօգտագործման վճարների որոշման մեթոդաբանության կատարելագործման հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով էր: Սույն թեմայով կատարված հետազոտությունը ամբիոնային է, որի ղեկավարը բնօգտագործման տնտեսագիտության  ամբիոնի վարիչ,տ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Գևորգյանն է: Վերջինս ներկայացրեց թեմային առնչվող մի շարք գծապատկերներ, ինչպես, օրինակ`բնօգտագործման և բնապահպանական վճարումների դինամիկան  (2006-2011թթ.), բնապահպանական վճարի կառուցվածքը 2011թ., ընդերքօգտագործման վճարների դինամիկան 2000-2011թթ. և այլն: Թեման շարունակեց ներկայացնել  բնօգտագործման ամբիոնի դոցենտ, քիմ. գիտ. թեկնածու Ռազմիկ  Պետրոսյանը, ով ևս գծապատկերների միջոցով ներկայացրեց իրենց կատարած հետազոտությունը (Բնապահպանական և բնօգտագործման վճարների կշիռը ՀՆԱ –ում ),  Սյունիքի մարզի բնապահպանական և բնօգտագործման վճարների համեմատությունը ընդհանուր բնապահպանական և բնօգտագործման վճարների հետ  և այլն):

Սեմինարի ավարտին ծավալվեց քննարկում, թեմաները ներկայացնողները պատասխանեցին ուսանողների հարցերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին