Տեղի ունեցավ ՀՊՏՀ ներքին գիտական դրամաշնորհների 3-րդ միջանկյալ հաշվետվությունների հերթական շնորհանդեսը

Դիտումների քանակ՝ 1067

Այսօր ՀՊՏՀ նիստերի սրահում տեղի ունեցավ ՀՊՏՀ ներքին գիտական դրամաշնորհների 3-րդ միջանկյալ հաշվետվությունների երկրորդ շնորհանդեսը:

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Միրզոյանը ներկայացրեց  «Ժամանակակից տնտեսագիտական խոսույթի լեզվատրամաբանական վերլուծություն» թեման, որը պրոֆեսորը  կատարում  է անհատապես:

ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի  գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը  ողջունեց ներկաներին, կարևորեց հետազոտական աշխատանքների դերը և ուսանողների ներգրավվածությունն այդ աշխատանքներում: Նա նաև նշեց, որ սեմինարների շարքը նպատակ ունի տարածել այն գիտելիքները, որոնք հետազոտությունների արդյունք են` մեջբերելով «Գիտելիքը միակ բարիքն է, որը բաժանելիս չի պակասում, այլ ավելանում է»  ասացվածքը:

Վալերի Միրզոյանը նշեց, որ  մեծ իրադարձություն է այսպիսի դրամաշնորհներ տրամադրելը և թեման կարևորեց հատկապես մագիստրանտների համար:

Ներկայացված թեմայի շրջանակներում Վալերի Միրզոյանը անդրադարձավ  տնտեսագիտական խոսույթում  առավել տարածված լեզվատրամաբանական խաթարումներին, ոճական անհարթություններին, ձևաբանության խախտումներին և այլն: Վեր հանվեցին տպագիր խոսքում տեղ գտած սխալները և զուգահեռ ներկայացվեց դրանց ճիշտ և նախըտնրելի  ձևերը: Պրոֆեսորն ընդգծեց,  որ խոսույթում կրկնություններից խուսափելու համար պետք է անընդհատ հարստացնել բառապաշարը:

Հետազոտական աշխատանքն ամփոփվեց գործնական խորհուրդներով, որոնք անվանի մարդկանցից մեջբերումների տեսքով էին, ինչպես օրինակ` Գևորգ Ջահուկյանի «Գրողը պետք է օգնի ընթերցողին» ասույթը:

Վերջում ՀՊՏՀ գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը ներկաների անունից շնորհակալական խոսք հայտնեց Վալերի Միրզոյանին` մեր լեզուն անաղարտ մատուցելու համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին