Շրջայց ՀՊՏՀ «հատուկ» սպասարկման կետերով՝ բուժկետ, գրադարան, ճաշարան (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1612

ՀՊՏՀ-ում, ի թիվս մի շարք ստորաբաժանումների, գործում են նաև մի քանի, այսպես կոչված, առանձնահատուկ օղակներ, ինչպիսիք են օրինակ բուհի բուժկետը, բուֆետը և գրադարանը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն այսօր որոշեց շրջայց կատարել տվյալ բաժիններով՝ նպատակ ունենալով  ներկայացնել նաև նրանց գործունեությունն ու աշխատանքը, ինչին հաճախ անդրադառնալու առիթներ չեն լինում:  Նաև ուսանողների շրջանում անցկացրեցինք  հարցում`պարզելու՝ գոհ են արդյոք վերը նշված օղակների սպասարկումից:

Մեր բուհի նոր գործարկված ճաշարանն ամեն աշխատանքային օր գտնվում է եռուզեռի մեջ: Հատկապես դասամիջոցներին ուսանողական հերթերը շատ են լինում, սակայն ինչպես նշեցին աշխատակիցները` բոլորին հասցնում են սպասարկել և ամենակարևորը`սիրով: Ինչպես մեզ տեղեկացրեց ճաշարանի գլխավոր խոհարար  Հրաչ Թովմասյանը, ամեն օր ապահովվում է բազմատեսակ սննդի պատրաստումը, և արդեն իսկ ձևավորված պահանջարկի միջոցով ճաշարանի խոհարարները գիտեն`որ կերակրատեսակից ինչքան պատրաստել, որպեսզի ամբողջովին սպառվի ու թարմ լինի: Աշխատակիցների տեղեկացմամբ` ուսանողների սիրելի ուտելիքը հատկապես «հոթ-դոգն» է, որը շատ մեծ սպառում ունի:

Մեր հաջորդ անդրադարձը գրադարանի մասին է, որը ուսանողական առօրյայում կարևոր տեղ ունի: Գրադարանի սպասարկման բաժնի վարիչ Նաիրա Անդրյանը մեզ տեղեկացրեց, որ ուսանողներն այս շրջանում ակտիվորեն օգտվում են գրադարանից: Կարևոր հանգամանք է, որ ի տարբերություն շատ բուհերի, մեր բուհում  1-ին կուրսեցիներին արդեն տրամադրվել են ընթերցողական տոմսեր. գրադարանի աշխատակցի փոխանցմամբ` իրենք ամբիոնների միջոցով ճշտել են 1-ին կուրսեցիների անունները և պատրաստել ընթերցողական տոմսեր, որպեսզի ուսումնական գործընթացը նրանց համար ավելի հեշտ լինի:

Բուժկետում, որտեղ մեր այցելության պահին աշխատանքային իրարանցում էր, հանդիպեցինք և  զրուցեցինք նաև Ուսանողական պոլիկլինիկայի նյարդաբան Ժաննա Եթարյանի հետ, ով  մեր բուհում անց էր կացնում 1-ին կուրսեցիների բուժզննում: Նյարդաբանի խոսքերով`առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հատկապես մարզերից եկած ուսանողներին:

Ինչպես տեղեկացրեց ՀՊՏՀ բուժկետի բժշկուհի Նելլի Թովմասյանը, բուժկետն ամեն օր սպասարկում է մի շարք ուսանողների, ովքեր գալիս են տարբեր խնդիրներով`թուլություն, գլխացավ, ատամնացավ և այլն: «Կարևոր է հատկապես այն, որ եթե ուսանողի մոտ առողջական որևէ լուրջ խնդիր ենք հայտնաբերում, միանգամից ուղղորդում ենք նրան`անալիզներ հանձնելու  կամ բուժման նպատակով այլ քայլեր ձեռնարկելու: Փորձը ցույց է տալիս, որ ուսանողների մոտ հիմնականում հանդիպում են կեցվածքի /ողնաշարի/, ֆունկցիոնալ, նյարդային, տեսողական  խնդիրներ»:

Մեր բուհի բուժկետը ակտիվորեն համագործակցում է ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի հետ, որտեղ գործում են մի շարք խմբակներ:

Վերոնշյալ երեք բաժինների գործունեությունն ու սպասարկումը գոհացնում է մեր  ուսանողներին. այս մասին վկայում են նրանց կարծիքները:

ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Տաթևիկ Ակունցը նշեց, որ շատ է օգտվում հատկապես բուհի ճաշարանից (գրեթե ամեն օր) և գրադարանից, մեկ անգամ էլ օգտվել է բուժկետից: Սպասարկումը շատ լավ է, բոլոր աշխատակիցներն էլ բարեհամբույր են:

Ֆինանսական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Ժաննա Բաղդասարյանն ասաց, որ ինչպես ինքն է նկատել`թե' ճաշարանը, թե′ գրադարանն ու բուժկետը լավ են սպասարկում ուսանողներին, աշխատակիցների սպասարկումից գոհ է:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին