ՀՊՏՀ-ում սովորող սիրիահայ ուսանողներն ինտեգրվում են համալսարանին, նրանց խնդիրներն առանձնահատուկ լուծում են ստանում

Դիտումների քանակ՝ 1050

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հանդիպել և զրուցել է բուհում սովորող սիրիահայ ուսանողների հետ` տեղեկանալու` ինչպես է ընթանում նոր ուսումնական տարին,  ինչ խնդիրներ և դժվարություններ ունեն նրանք:

Նշենք, որ մեր համալսարանում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում սիրիահայ ուսանողներին: Այս համատեքստում սեպտեմբերի 18-ին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանի և  ֆակուլտետների  դեկանների մասնակցությամբ հանդիպել էր սիրիահայ ուսանողների հետ` ուսումնական տարվա սկզբին նրանց ունեցած դժվարություններին ծանոթանալու, նրանց հնարավոր  աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Զրուցեցինք հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողներ Սիրվարդ Աշդոկենյանի և Աննա Բուրուջյանի, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Լուսիա Քեշիշյանի  և նույն ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Մկրտիչ Քալայջիի հետ, ովքեր  մեզ հետ զրույցում նշեցին, որ ռեկտորի հետ հանդիպմանը հիմնականում բարձրաձայնել են նյութական խնդիրների, ռուսերենի հետ կապված դժվարությունների մասին, որոնք  այժմ լուծման փուլում են: Ի դեպ, ռեկտորը հենց այդ հանդիպմանը հանձնարարեց սիրիահայ ուսանողների համար ռուսերենի ուսուցման առանձին խումբ ստեղծել:

Մեր սիրիահայ ուսանողները նշեցին, որ դասախոսները շատ լավ են վերաբերվում իրենց, հատուկ մոտեցում են ցուցաբերում և առաջարկում են առանձին հարցերի դեպքում` նույնիսկ դասերից հետո մոտենալ իրենց: Աննան և Սիրվարդը առանձնահատուկ կերպով գոհունակություն հայտնեցին նաև հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանից`նշելով, որ նա հատուկ ուշադրություն է դարձնում սիրիահայ ուսանողներին:

Խոսվեց նաև հայերենի հետ կապված դժվարությունների մասին, որը, սակայն, այդքան էլ լուրջ խնդիր չէ`ինչպես նշեցին ուսանողները: «Մենք  խոսում ենք արևմտահայերենով, հետևաբար` հիմնականում այդ կերպ էլ գրում ենք, ինչը մի շարք ուղղագրական սխալների առիթ է դառնում գրավոր խոսքում, սակայն այդ հարցում մեզ աջակցում են դասախոսները.նրանք  հաշվի են առնում միայն միտքը, բովանդակությունը`  գիտակցելով, որ մենք սիրիահայ ենք»,- ասացին ուսանողները:

Ուսանողներից ոմանք մտահոգություն էին հայտնել նաև առարկայական տարբերությունների խնդրի շուրջ: Ռեկտորի հանձնարարությամբ հարցի կարգավորմամբ զբաղվել են ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, ով մեզ հետ զրույցում ասաց. «Ուսանողների հետ քննարկել ենք ուսումնառության գործընթացի, առարկայական տարբերությունների հետ կապված հարցերը, պարզաբանել իրենց հուզող խնդիրները»: Պրոռեկտորի խոսքով՝ քննարկվել են սիրիահայ ուսանողներին վերաբերող բոլոր հարցերը, խնդիրների օպերատիվ լուծման համար կոնկրետ քայլեր են մշակվել և ձեռնարկվել: «Ուսանողները գոհ են մնացել, իսկ մենք պատրաստակամություն ենք հայտնել հետագայում ևս աջակցել իրենց»,- ասաց Միհրդատ Հարությունյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին