«Մենք ներկայացրել ենք վիճակագրական վերլուծության նոր մեթոդ». «Ամբերդ» հետազոտական կենտրոնում տեղի ունեցավ հերթական գիտական սեմինարը

Դիտումների քանակ՝ 1265

Այսօր`  հոկտեմբերի  2-ին, «Ամբերդ» հետազոտական կենտրոնում «Տեխնոլոգիական զարգացում, թվային տնտեսություն»  ուղղության շրջանակներում կազմակերպվեց գիտական սեմինար, որին մասնակցում էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը, դասախոսներ, ուսանողներ:

Սեմինարի սկզբում Սամվել Ավետիսյանը ներկայացրեց թեման, Գագիկ Վարդանյանը նշեց թեմայի կարևորությունն ու արդիականությունը, ընդգծեց, որ պետք է հաղթահարել, այսպես կոչված, թվային անգրագիտության անջրպետը, որն անհրաժեշտ է մյուս բնագավառներում հաջողության հասնելու համար: Նա նաև նշեց, որ ցանկալի է սեմինարն անցկացնել բանավեճի, քննարկումների միջոցով:

Գիտական սեմինարի ղեկավար, հիմնական բանախոս պրոֆեսոր  Վարդան Սարգսյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց.

- Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մասին  կատարվել  են մի շարք հետազոտություններ, սակայն մեր աշխատանքը բացառիկ է նրանով, որ առաջարկել ենք վիճակագրական վերլուծության նոր մեթոդ, ցույց ենք տվել ԱՊՀ տարածքում Հայաստանի դերը: Այս հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ Հայաստանը ԱՊՀ անդամ պետությունների շարքում վատ դիրք չունի` տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում, ինչը բավական գովելի փաստ է:

Գիտական սեմինարի զեկուցողներն էին  Վարդան Սարգսյանը, դոցենտ Գրիգոր  Արքելաթյանը, ՀՊՏՀ աշխատակից Հռիփսիմե Օսիպյանը: Վերջիններս շեշտադրեցին տեխնոլոգիական զարգացման և թվային տնտեսության արմատավորման ոլորտում ՀՀ-ի տեղն ու զարգացման ներուժը, ներկայացրեցին իրենց կողմից կատարված հետազոտությունների նախնական արդյունքները:

Գիտական սեմինարի ավարտին մասնակիցները կատարեցին մի շարք հարցադրումներ և մեկնաբանություններ: Հետաքրքիր քննարկում ծավալվեց նաև բարձր տեխնուլոգիաների լայնածավալ կիրառման բարոյահոգեբանական հետևանքների, տարբեր երկրների ձեռքբերումների և ՀՀ տնտեսության վրա ազդեցությունների վերաբերյալ: Վերջում բանախոսները պատասխանեցին մասնակիցների հարցերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին