Գիտական սեմինարում քննարկվեցին կենսաթոշակային մոդելները

Դիտումների քանակ՝ 3164

«Կենսաթոշակային համակարգի տարբեր մոդելների մեթոդական հիմքերը և դրանց առանձնահատկությունները» թեմայով այսօր տեղի ունեցավ գիտական սեմինար՝ աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Լուսինե Կարապետյանի բանախոսությամբ: Մասնակցում էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարտիրոս Պետրոսյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ուսանողներ:

Սեմինարի հատուկ հյուրն էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Արամայիս Շահբեկյանը, ով ի դեպ, ՀՊՏՀ շրջանավարտ է:

Բացման խոսք ասաց պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը՝ ընդգծելով, որ վերջին 5 տարիներին համալսարանի ղեկավարությունը զարգացնում է ինստիտուցիոնալ կարողությունները և այդ ճանապարհին աշխուժացել է գիտահետազոտական գործունեությունը. ստեղծվել է  հետազոտական կենտրոն, այս ուսումնական տարում՝ գիտաուսումնական լաբորատորիաներ և այլն: Անշուշտ, ամբիոնային գիտական  սեմինարները ևս ուղղված են գիտահետազոտական ներուժի կիրառմանն ու զարգացմանը:

Մարտիրոս Պետրոսյանը ողջույնի խոսքում նշեց, որ սեմինարի թեման արդիական է և հետաքրքրական՝ հատկապես կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակից երիտասարդների համար:

Սկսելով զեկուցումը՝ Լուսինե Կարապետյանն ասաց, որ իր հետազոտության մեջ շեշտը դրել է ԱՊՀ երկրների կենսաթոշակային բարեփոխումների փորձի, հիմնախնդիրների վրա: Կենսաթոշակային բարեփոխումներ իրականացվում են գրեթե բոլոր երկրներում և յուրաքանչյուրում հաշվի են առնվում մի շարք գործոններ, երկրի ժողովրդագրական և այլ ցուցանիշները: Այս համատեքստում առանձին-առանձին խոսվեց Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և այլ երկրների կենսաթոշակային համակարգի առանձնահատկությունների մասին:

Բանախոսը հատուկ անդրադարձավ Հայաստանի կենսաթոշակային համակարգին. հիմնական բարեփոխումներն սկսվել են 2010թ. դեկտեմբերին, ձևավորվել է բազմաստիճան համակարգ՝ սոցիալական նպաստ, որը համարվում է 0 աստիճան,  աշխատանքային կենսաթոշակ, կուտակային կենսաթոշակ, կամավոր կուտակային կենսաթոշակ: Մանրամասն ներկայացվեցին նաև կենսաթոշակային ֆոնդերը, այսպես կոչված ֆոնդի կառավարչի դերակատարումը:

Սեմինարի ավարտին հայաստանյան կենսաթոշակային համակարգն ամփոփ բնութագրեց և դիտարկումներ ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Արամայիս Շահբեկյանը:

Ընդհանուր առմամբ, կուտակային կենսաթոշակային բաղադրիչը ներկայացվեց իբրև կենսաթոշակային տարիքում բարեկեցիկ ապրելու համար ներդրված ծրագիր: Ունկնդիրների հարցադրումները հիմնականում հենց այս բաղադրիչի վերաբերյալ էին. որքանո՞վ է վստահելի, ո՞ր ֆոնդն է առավել նպատակահարմար, ի՞նչ ձևով են  հետ վերադարձվելու կուտակված գումարները և այլն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին