ՀՊՏՀ ուսանողների հերթական միջոցառումը` մանկատանը
ՀՊՏՀ զբոսաշրջության կառավարում մասնագիտության 3-րդ կուրսեցիները «Հանդիպումների, կոնֆերանսների և այլ միջոցառումների կազմակերպում» դասընթացի արտալսարանային պարապմունքի շրջանակում (դասախոս հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարում ամբիոնի ասիստենտ Հասմիկ Համբարձումյան) դեկտեմբերի 11-ին «Մարի Իզմիրլյանի անվան հատուկ մանկատանը» կազմակերպել են «Ազգայինը մեր մեջ» խորագրով միջոցառումը, որին մասնակցել են մանկատան սաները:
«Մենք ամեն պահի տեսնում ենք, թե ինչպես է օտար մշակույթը ներխուժում մեր կյանք, և ինչպես են շատերը տուրք տալիս դրան: Այսօր ազգայինն ու ավանդականը պահպանելու, այն սերունդներին փոխանցելու խնդիր կա: Ուստի որոշեցինք մանկատան երեխաների ուժերով պատրաստել փոքրիկ բեմադրություն, որի ընթացքում երեխաները կներկայացնեն մեր ավանդական տոները, պարերն ու ճաշատեսակները»,- ներկայացնելով միջոցառման նախապատմությունը` լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց զբոսաշրջության կառավարում մասնագիտության 3-րդ կուրսեցի Կատարինե Գալստյանը: Վերջինիս խոսքով` ձևավորել է 7 հոգուց բաղկացած կազմկոմիտե, որը հանդիպել է մանկատան տնօրենին: Պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո կազմակերպիչներն ընտրել են բեմադրությանը մասնակից երեխաներին և սկսել փորձերը: Մանկատան սաները մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ են մասնակցել բոլոր փորձերին՝ ձգտելով կատարել ուսանող բեմադրիչների բոլոր ցուցումները: Միջոցառման ընթացքում ազգային տարազներով երեխաները ներկայացրել են ազգային ավանդույթները, ազգային ճաշատեսակների պատրաստման եղանակները, չիր ու չամիչով զարդարել ամանորյա տոնածառ: Այս ամենն ուղեկցվել է ազգային երգերի ու պարերի կատարմամբ:
Միջոցառումից հետո ուսանողները մանկատան սաների համար կազմակերպել են փոքրիկ հյուրասիրություն և նրանց հանձնել նվերներ: Կազմակերպիչների խումբը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ում օգնությամբ ու աջակցության իրականացրել են իրենց այս ծրագիրը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՊՏՀ հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարում ամբիոնի դասախոսներ Հասմիկ Համբարձումյանն ու Ստեփան Մանթարլյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին