Տնտեսագիտական համալսարանն առաջին անգամ կղեկավարի Տեմպուսի ծրագիր. մեկնարկը տրվեց այսօր

Դիտումների քանակ՝ 1466

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի ունեցավ  Տեմպուս 4–ի «Համալսարան – Գործատու Հայկական համակարգող գործակալություն» (№ 530321TEMPUS-1-2012-1-AM-TEMPUS-SMHES)` («Արարատ») ծրագրի մեկնարկը, որի առիթով ՀՊՏՀ  էին այցելել ծրագրի գործընկեր կազմակերպությունների` Գերմանիայի Կոբլենց Լանդաու, Իսպանիայի Ալիկանտե համալսարանների, Լատվիայի տեղեկատվական համակարգերի կառավարման ինստիտուտի, Իտալիայի Սիցիլիա և Պալերմո քաղաքների ուսումնական և նախաձեռնողական եվրոպական կենտրոնի (CESIE), Ավստրիայի համաշխարհային համալսարանական ծառայություն-ավստրիական կոմիտեի (WUS), ինչպես նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանների և  վերջինիս Վանաձորի մասնաճյուղի, Գյումրու մանկավարժական ինստիտուտի, Հայ-ռուսական (սլավոնական), Գավառի պետական, Գորիսի պետական համալսարանների, մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի, Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի ներկայացուցիչները։

 Տեղեկացնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այս տարի շահել է Տեմպուսի–ի երեք ծրագիր, որոնցից մեկի՝ այս «Արարատ» ծրագրի դեպքում, դարձել է նաև ծրագրի համակարգողը։ «Արարատը» ազգային եռամյա ծրագիր է և նպատակաուղղված է  համալսարան–գործատու կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը։

Ներկաներին ողջունեց  «Համալսարան – Գործատու Հայկական համակարգող գործակալություն»  ծրագրի համակարգող Ներսես Գևորգյանը՝ կարևորելով ծրագրի անցկացումը Հայաստանում, մասնավորապես հայաստանյան բուհում։

Ծրագրի մեկնարկի կապակցությամբ մասնակիցներին, գործընկերներին շնորհավորեց և ողջյունի խոսք ասաց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը: «Համալսարանները վերակառուցվում են` ըստ նոր մարտահրավերների: Դառնում են ազատ ու ստեղծագործ մտքի բաց հարթակներ` հասարակությանը մատուցելով կրթական, գիտական և այլ ծառայություններ: Գիտելիքի էական զարգացման համար անհրաժեշտ է համալսարանների, մասնավորապես եվրոպական, տեղեկատվության և փաստաթղթերի փոխանակում, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացում կրթության առաջադիմության համար»,- կրթական համատեղ ծրագրերի ու նախագծերի իրականացման գործում առանցքային համարելով համալսարանների դերը` ասաց ռեկտորը: Նրա խոսքով` կրթօջախները պետք է դառնան ոչ միայն բաց համակարգեր, այլ կամրջեն կրթությունն ու աշխատաշուկան` այս գործընթացում ընդգրկելով բոլոր շահակիցներին`ուսանողներին, գործատուներին, շրջանավարտներին, ծնողներին, պետական և հասարակական կազմակերպություններին: ՀՊՏՀ ռեկտորի դիտարկմամբ` ժամանակակից աշխարհում համալսարանների առաքելությունը ոչ միայն կրթություն տրամադրելն է, այլև հասարակական ակտիվ քաղաքացու, ազատ, ստեղծագործ մարդուն անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների տրամադրումն է: «Ահա այս մարտահրավերներին է ուղղված  «Արարատ» ծրագիրը, որը մենք համատեղ կիրականացնենք»,-ասաց Կորյուն Աթոյանը` նշելով, որ ծրագրի գերնպատակն է կրթության բոլոր շահակիցների հետ աշխատելով՝  ապահովել կրթության և աշխատաշուկայի կապը և իրականացնել կրթական բարեփոխումներ` ելնելով աշխատաշուկայի պահանջներից:

ՀՀ ԿԳ նախարարության բարձրագույն և հետբուհական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն իր խոսքում նշեց, որ ՀՀ ԿԳ  նախարարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում  Տեմպուսի ծրագրերին, քանի որ դրանց միջոցով ստեղծվում է մի դաշտ, որտեղ բուհերը կարողանում են համագործակցել: Նա նաև հույս հայտնեց, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ղեկավարմամբ անցկացվող «Արարատ» ծրագիրը կօգնի նաև կրթության և գիտության նախարարությանը՝ գտնելու բուհ–գործատու կապն ամրապնդելու առավել լավ գործիքներ։

Գործընկեր երկրներին և մասնակիցներին ողջունեց Տեմպուս ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան: Ներկայացնելով «Արարատ»  ծրագրի գործընկերներին և մասնակիցներին՝ նա  համոզմունք հայտնեց, որ լինելով Հայաստանում առաջին այսպիսի ծրագրի համակարգողը՝  ՀՊՏՀ-ն այն հաջողությամբ կհամակարգի և կիրականացնի: 

Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոնի քաղաքականության մշակման և իրականացման վարչության պետ Սուսաննա Կարախանյանը  նույնպես նշեց, որ սա առաջին դեպքն է, երբ հայաստանյան բուհն է համակարգում  ծրագիրը և ներկայացրեց ծրագրի հիմնական ուղղությունները:

 «Արարատ»  ծրագրի աշխատանքները կշարունակվեն նաև վաղը` դեկտեմբերի 14-ին:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին