Կորյուն Աթոյանի խոսքը «Համալսարան-Գործատու Հայկական համակարգող գործակալություն» Տեմպուսի ծրագրի մեկնարկային հանդիպմանը

Դիտումների քանակ՝ 1008

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի ունեցավ  Tempus 4–ի «Համալսարան – Գործատու Հայկական համակարգող գործակալություն» («Արարատ») (№ 530321 TEMPUS-1-2012-1-AM-TEMPUS-SMHES)
ծրագրի մեկնարկի հանդիպումը՝ մեր բուհում հյուրընկալելով ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնց թվում` Գերմանիայի Կոբլենց Լանդաու, Իսպանիայի Ալիկանտե համալսարանների, Լատվիայի տեղեկատվական համակարգերի կառավարման ինստիտուտի, ինչպես նաև Իտալիայի, Ավստրիայի ներկայացուցիչներ։ Հանդիպումը բացեց ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ում խոսքն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Հարգելի գործընկերներ,
Ողջունում եմ ձեզ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում «Համալսարան-Գործատու Հայկական համակարգող գործակալություն» Տեմպուսի ծրագրի մեկնարկային հանդիպմանը:
Ծրագիրը, որ մենք միասին կիրականացնենք, խիստ համահունչ է Եվրոպայում ընթացող կրթական բարեփոխումներին և զարգացումներին: Բոլոնիայի գործընթացի սկզբից անցել է արդեն տասներեք տարի, սակայն կրթական բարեփոխումները դեռ չեն մտել ավարտական փուլ: Ներկա զարգացումներն արդեն պայմանավորված են կրթության քաղաքականությունից անցումով դեպի դրանց իրագործումը: Եվ այս պատասխանատվությունը կրում են համալսարանները: Համալսարանների գործունեությունից է կախված կրթական բարեփոխումների իրականացումը և, ընդհանուր առմամբ, հասարակական զարգացումն ամբողջ Եվրոպայում: Ինչպես նշված է Համալսարանների ազատությունների խարտիայում «... մարդկության ապագան մեծապես կախված է մշակութային, գիտական և տեխնիկական զարգացումից, որը ստեղծվում է մշակույթի, գիտելիքի և հետազոտությունների իրական կենտրոններում`  համալսարաններում»:
Համալսարանները վերակառուցվում են` ըստ նոր մարտահրավերների: Դառնում են ազատ ու ստեղծագործ մտքի բաց հարթակներ` հասարակությանը մատուցելով կրթական, գիտական և այլ ծառայություններ:
Գիտելիքի էական զարգացման համար անհրաժեշտ է համալսարանների, մասնավորապես եվրոպական, տեղեկատվության և փաստաթղթերի փոխանակում, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացում կրթության առաջադիմության համար: Այսպիսով, ինչպես համալսարանների ստեղծման ժամանակներում, այնպես էլ այժմ համալսարանները պետք է խրախուսեն դասախոսների և ուսանողների շարժունությունը և դրա հետ մեկտեղ ընդունեն օտարերկրյա դասախոսների և ուսանողների հավասար կարգավիճակը, գիտական աստիճանները, գիտելիքի գնահատման արդյունքները և իրականացնեն համալսարանի կարևորագույն առաքելությունը` ուսուցանեն:
Համալսարանները աստիճանաբար պետք է հաղթահարեն մեկուսացված` «փղոսկրյա աշտարակի» կարգավիճակը և դառնան ոչ միայն բաց համակարգեր, այլև կամրջեն կրթությունն ու աշխատաշուկան: Այս գործընթացներում պետք է ընդգրկվեն կրթության բոլոր շահակիցները` ուսանողները, գործատուները, շրջանավարտները, ծնողները, պետական և հասարակական կազմակերպությունները, այլ խոսքով՝ ամբողջ հասարակությունը: Նշվածը խիստ տրամաբանական է, քանզի կրթությունը հանրային բարիք է: Ժամանակակից աշխարհում համալսարանների առաքելությունը ոչ միայն կրթություն տրամադրելն է, այլև հասարակական ակտիվ քաղաքացու, ազատ, ստեղծագործ մարդուն անհրաժեշտ գիտելիքի, հմտությունների և պատասխանատվություն փոխանցումն ու զարգացումն է:
Ահա այս մարտահրավերներին է ուղղված «Արարատ» ծրագիրը, որը մենք համատեղ կիրականացնենք գալիք երեք տարիների ընթացքում:
Ծրագրի գերնպատակն է կրթության բոլոր շահակիցների հետ աշխատելով` ապահովել կրթության և աշխատաշուկայի կապը, աշխատաշուկայի պահանջներից ելնելով` իրականացնել կրթական գործընթացի բարեփոխումներ:
Այդ նպատակի իրականացման համար.
•    կստեղծվի կառավարման խորհուրդ և քարտուղարություն,
•    կհզորացվեն գործընկերների կարողությունները ինչպես սարքավորումներով, այնպես էլ վերապատրաստման դասընթացներով ու ուսումնական նյութերով` ապահովելու և արդյունավետ իրագործելու կրթության և աշխատաշուկայի կապի զարգացումը,
•    գործատուների հետ կքննարկվեն և կմշակվեն ոլորտային և համապատասխան որակավորումների բնութագրերը, դրանց շրջանակը և աշխատաշուկա-շրջանավարտ կապն ուժեղացնող տվյալների բազա ու այլ գործիքակազմ,
•    կվերապատրաստվեն նշված գործողություններն իրականացնողները:

Այսպիսով, ծրագրի իրականացումը կխթանի նաև կրթական հետազոտությունների իրականացումը, կրթության պլանավորումը և գնահատումը: Ծրագիրն ամբողջությամբ կծառայի կրթության գերնպատակի` կրթության որակի բարձրացմանը:

Տեմպուսի ծրագրերի իրականացման շրջանակում առաջին անգամ հայաստանյան համալսարանը` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը կհամակարգի ծրագիրը, պատասխանատու կլինի դրա արդյունավետ իրագործման համար:
Հարգելի գործընկերներ, հավաստիացնում եմ, որ ծրագրի նպատակների իրագործման համար մեր համալսարանը կգործադրի բոլոր անհրաժեշտ միջոցները, կարողություններն ու ներուժը:

Ամփոփելով՝ կցանկանայի հաջողություն մաղթել մեզ ինչպես կրթական բարեփոխումների, այնպես էլ ծրագրի արդյունավետ իրականացման գործում:
Շնորհակալություն։