«Հարցազրույցի երկու կողմեր» խորագրով սեմինար ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1997

Շարունակական կրթության և կարիերայի բաժինն այսօր  մեր համալսարանի ուսանողների համար  կազմակերպել  էր «Հարցազրույցի երկու կողմեր» խորագրով սեմինար՝ նվիրված մարդկային ռեսուրսների կառավարման խնդիրներին: Բանախոսում էր Բանկային կառավարման դպրոցի տնօրեն Վարդուհի Հարությունյանը, ով երկար տարիների փորձ ունի այդ ոլորտում և քաջածանոթ է ոլորտի խնդիրներին:

Սեմինարի  նպատակն էր աջակցել ուսանողներին՝ զարգացնելու հմտություններ, որոնք ուսանողներին շատ անհրաժեշտ են գործատուների հետ շփումներում, հարցազրույցներում և հանդիպումներում, ինչպես նաև նպաստել աշխատանք փնտրելու միջոցների և կարողությունների ընդլայնմանը: Լսարանը հետաքրքրված էր բանախոսի դիտարկումներով և ուներ նաև իր տեսակետները; Ոմանք ներկայացնում էին անձնական փորձը և առաջարկում նոր լուծումներ ներկայացվող իրավիճակներում: Մարքեթինգի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Բաղրամյանը հետաքրքիր լուծումներ առաջարկեց առաջադրված սթրեսային հարցազրույցների ժամանակ և կարևորեց ներկայանալի լինելու իր տարբերակները:  Բանախոսը անդրադարձավ նաև մեր իրականությունում հարցազրույցի ժամանակ հաճախ տրվող հարցերին և ներկայացվող հակիրճ կենսագրականներին՝ նշելով այն կարևոր մանրուքները, որոնց հիմնականում աշխատանք փնտրողները ուշադրություն չեն դարձնում:

Շարունակական կրթության և կարիերայի բաժնի պետ Աիդա Առուստամյանը նշեց. «Հաշվի առնելով այն փաստը, որ այսօր մեր ուսանողները ուսումը համատեղում են աշխատանքի հետ, հաճախ կարիք է զգացվում  հակիրճ կենսագրականները ներկայացնելուց զատ հանդիպել նաև գործատուի հետ, մասնակցել հարցազրույցի և հնարավորություն ունենալ  տեսական գիտելիքները լրացնել հմտութուններով ու փորձով: Իսկ նման հանդիպումները, կարծում եմ, օգտակար կլինեն մեր ուսանողների համար»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին