ՀՊՏՀ ռեկտորատի որոշմամբ ԼՂՀ-ին է փոխանցվել 10 միլիոն դրամ՝ ի աջակցություն Արցախի ժողովրդի

Դիտումների քանակ՝ 1434

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի առաջարկությամբ, ռեկտորատի որոշմամբ  այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կառավարության կողմից բացված հաշվեհամարին է փոխանցվել  10 միլիոն դրամ՝  բնակչությանն աջակցություն ցուցաբերելու և սոցիալական խնդիրներ լուծելու նպատակով:

«Անհնար է անհաղորդ մնալ վերջին օրերին ստեղծված իրավիճակին, մեր ժողովրդին պատուհասած դժբախտությանը: Այս օրերին մենք տեսնում ենք մեր ժողովրդի՝ հիացմունքի արժանի միասնականությունը, բայց մարդկային, բարոյական ռեսուրսների համատեղումից զատ հարկավոր է նաև նյութական, ֆինանսական հնարավորությունների մեկտեղում՝ ի նպաստ և ի բարօրություն Արցախի, հայ զինվորի և մեր ժողովրդի»,- ասաց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ մեկնաբանելով համալսարանի ռեկտորատի որոշումը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ Կառավարությունը նախօրեին հայտարարությամբ դիմել է համայն հայությանը՝  նշելով, որ Արցախի Հանրապետության Կառավարությունը թիկունքային և ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու համար ստեղծել է օպերատիվ շտաբ՝ ԼՂՀ վարչապետի գլխավորությամբ: Նաև նշվել է, որ Արցախի համար ստեղծված այս ծանր իրավիճակում հազարավոր հայրենակիցներ դիմում են Արցախի Հանրապետության Կառավարությանը՝ հայտնելով իրենց աջակցությունն ու օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը:  Բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում են բարեգործություն կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, բացվել են հաշվեհամարներ: ԼՂՀ Կառավարության հայտարարությանը ծանոթացեք հետևյալ հղումով՝ gov.nkr.am/hy/official-news/item/2016/04/04/haytararutyun04.04.2016/:

Նշենք, որ  ապրիլի 4-ին մեր համալսարանում ղեկավարության, աշխատակազմի և ուսանողների մասնակցությամբ, ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, իրականացվել էր առաջին անհրաժեշտության ապրանքների և իրերի հավաքագրում, որոնք ուղարկվել են Լեռնային Ղարաբաղ: Երեկ  ՈՒԽ-ն նաև դրամահավաք է կազմակերպել՝ անհրաժեշտ ապրանքների խմբաքանակ ձեռք բերելու և ԼՂՀ ուղարկելու համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին