Բաց դասախոսություն և սեմինար՝ «Տնտեսագիտություն» մասնագիտության ուսանողների համար

Դիտումների քանակ՝ 1837

ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Կարեն Գրիգորյանի հրավերով այսօր «Տնտեսագիտություն» մասնագիտության առկա բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողների համար բաց դասախոսություն և սեմինար վարեց ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության մակրոտնտեսագետ, հետազոտող Վազգեն Պողոսյանը:

Բաց դասախոսությունը նվիրված էր մակրոէկոնոմիկայի ժամանակակից խնդիրներից մեկին՝ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման հիմնահարցերին ՀՀ-ում և աշխարհի տարբեր երկրներում: Դասախոսությունից հետո սեմինարի ընթացքում ելույթներ ունեցան ուսանողները՝ արտահայտելով իրենց մոտեցումները քննարկվող թեմայի շուրջ: Այնուհետև հրավիրված բանախոսը սպառիչ և հանգամանալից պատասխանեց ուսանողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին:

Բաց դասին ներկա մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ պարոն Կարեն Գրիգորյանը նշեց. «Խմբի ուսանողները, ովքեր անցել են «Դրամավարկային քաղաքականություն» (դասախոս՝ տ.գ.թ., դոցենտ Գ. Ավագյան) և «Հարկաբյուջետային քաղաքականություն» (դասախոս՝ տ.գ.դ., դոցենտ Թ. Մկրտչյան) դասընթացները, այժմ արդեն այդ երկու մակրոտնտեսական քաղաքականությունների ուղղությունների կոորդինացման վերաբերյալ ձեռք բերեցին պրակտիկ փորձ: Մակրոէկոնոմիկայի ամբիոնը պարբերաբար հրավիրում է մակրոտնտեսագիտության ոլորտի պրակտիկ մասնագետների, ովքեր հարստացնում են ուսանողների գործնական հմտությունները և կարողությունները, ինչպես նաև պատկերացում են կազմում պետական կառավարման մարմիններում աշխատանքի նկատմամբ ժամանակակից պահանջների նկատմամբ»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին