Բաց դաս՝ ազդեցիկ բրենդ ստեղծելու մասին

Դիտումների քանակ՝ 1927

Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանողների համար մարքեթինգի ամբիոնն այսօր կազմակերպել էր մասնագիտական թեմայով հերթական արտալսարանային բաց դասը, հյուր-բանախոսը Brandon Agency մարքեթինգային ընկերության հիմնադիր, ՀՊՏՀ շրջանավարտ Արման Արզումանյանն էր:

Հանդիպմանը մասնակցում էին մարքեթինգի ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Վադիմ Գրիգորյանը, նույն ամբիոնի դոցենտներ Լիլիթ Քոլյանը, Լիլիթ Դադայանը, շարունակական կրթության և կարիերայի բաժնի պետ Աիդա Առուստամյանը:

Ներկաներին ողջունեց և Արման Արզումանյանին ներկայացրեց Վադիմ Գրիգորյանը՝ ընդգծելով, որ նա Տնտեսագիտական մայր բուհի առաջավոր սաներից է, ուսումնառության ընթացքում լավագույնս աչքի է ընկել: Ամբիոնի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ նրա հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանատիպ հանդիպումները շարունակական դարձնելու:

Դասախոսության սկիզբը ներածություն էր բրենդի էության և բրենդինգի տարրերի վերաբերյալ, հաջորդիվ քննարկվեցին սպառողների լոյալության, շուկայում ապրանքը դիրքավորելու, անհատի և կազմակերպության բրենդի հետ կապված հարցեր:

Իր փորձառության հիման վրա մարքեթոլոգը ուսանողներին տեղեկություն տրամադրեց արագ փոփոխվող միտումների պայմաններում ազդեցիկ բրենդ ստեղծելու մասին, մասնավորապես, նշանագիտության, մարքեթինգի, հասարակայնության հետ կապերի և այլ ոլորտների վերաբերյալ գիտելիքները մեկտեղելու շնորհիվ:

Ակտիվ հարցադրումներն ու խաղերը ապահովեցին դասի ինտերակտիվ ձևաչափը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին