«Վերապատրաստման շաբաթն» ամփոփվեց միջմշակութային և միջկրթական հագեցած հաղորդակցությամբ

Դիտումների քանակ՝ 1661

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված «Վերապատրաստման շաբաթը» այսօր հատեց եզրագիծը: Ապրիլի 9-12-ը մեր համալսարանում էին «էրազմուս+» ծրագրի գործընկեր 7 համալսարանների (5 երկրից՝ Բուլղարիա, Ռումինիա, Խորվաթիա, Լեհաստան, Միացյալ Թագավորություն) դասախոսներ ու աշխատակիցներ, որոնք ՀՊՏՀ-ականների համար դասախոսեցին, մասնագիտական քննարկումներ վարեցին, ինչպես նաև ծանոթացան ՀՊՏՀ գործունեության հիմնական ուղղություններին, միջազգային ծրագրերին, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատանքներին:
Այսօր՝ աշխատանքային վերջին օրը, օտարերկրացի հյուրերի համար Հայաստանի ու հայերի մասին «Ինչո՞ւ Հայաստան» խորագրով ուշագրավ զեկուցում ներկայացրեց DAAD երևանյան գրասենյակի գերմանացի աշխատակից, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս Անգելա Ներենցը: Նա նշեց, որ որոշակի ժամանակ է՝ ինչ աշխատում է Հայաստանում և հասցրել է սիրել մեր երկիրն ու ժողովրդին, ծանոթանալ նրանց պատմությանը, մշակույթին ու սովորություններին:
Աշխատանքային օրն ամփոփվեց համատեղ քննարկմամբ, արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Պարույր Ջանգուլյանն ու արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը լսեցին ու գրառեցին հյուրերի կարծիքներն ու առաջարկությունները՝ միջոցառման բովանդակային ու կազմակերպական հարցերի, ՀՊՏՀ ուսումնական գործընթացի, ուսանողների և, առհասարակ, Հայաստանի մասին: Ներկայացնելով իրենց տպավորությունները՝ բոլորը հիացմունքի ու երախտիքի խոսքեր հայտնեցին ՀՊՏՀ միջազգային կապերը համակարգող թիմին, ապա ասացին, որ իրենց վրա մեծ տպավորություն են գործել ուսումնատենչ, լայնախոհ ու մոտիվացված ուսանողները, հյուրընկալ ու պատրաստակամ ժողովուրդը, Հայաստանի չքնաղ բնությունն ու արևային կլիման: «Վերապատրաստման շաբաթի» մասնակիցները շեշտադրեցին, որ սա փորձի փոխանակության ու բուհերի միջազգայնացումն ընդլայնող եզակի հնարավորություն էր:
Արտասահմանյան համալսարանների ներկայացուցիչներին մասնակցության հավաստագրեր հանձնեց Պարույր Ջանգուլյանը, շնորհակալություն հայտնեց արդյունավետ գործակցության համար, ապա նոր հանդիպումների ակնկալիքով բարի ճանապարհ մաղթեց:
Միջոցառման կազմակերպական աշխատանքներին աջակցելու համար հավաստագրեր ստացան  նաև ուսանողներ, «Էրազմուս+» ծրագրով արտերկրում ուսանած Թամարա Գյոզալյանը, Սոնա Աղաբաբյանը, Դավիթ Մինասյանը, Գոռ Հարությունյանը, Լիանա Շահբազյանը, Կարեն Օրդյանը, Մանե Բաբայանը:
«Վերապատրաստման շաբաթը» միջազգային նշանակալի իրադարձություն էր, նախաձեռնություն, որն ապահովեց մասնագիտական-կրթական ու մշակութային բացառիկ հաղորդակցություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին