«Արցախի տնտեսական զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկում ՀՊՏՀ-ում. բանախոսը Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն էր

Դիտումների քանակ՝ 3259

Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը «Արցախի տնտեսական զարգացման հեռանկարները» թեմայով այսօր հյուրընկալվեց մեր համալսարանում՝ հանդիպելով ՀՊՏՀ կոլեկտիվին և ուսանողներին: Պանելային քննարկման ձևաչափով կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահան Մովսիսյանը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, ԵՊՀ նորարարության տնտեսագիտության ամբիոնի վարիչ Աշոտ Մարկոսյանը:

Հանդիպումն անցավ լեփ-լեցուն դահլիճում, մասնակցում էին համալսարանի ղեկավար կազմը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, աշխատակիցներ: Բացման խոսքում քննարկումը վարող ՀՊՏՀ ղեկավար Դիանա Գալոյանն ընդգծեց՝ Հայաստանի տնտեսագիտական մայր բուհը քննարկումներ է նախաձեռնել տնտեսությանն առնչվող արդիական և հրատապ թեմաների շուրջ՝ համախմբելով անվանի փորձագետների, տնտեսագետների: «Ֆորմալ կրթությանը զուգահեռ Տնտեսագիտական համալսարանը կարևորում է նաև ոչ ֆորմալ կրթության տարբեր տեսակները, որոնք ուսանողին, բացի ակադեմիական գիտելիքից, տալիս են նաև տեղեկատվություն ստանալու, մտածելակերպը զարգացնելու, ազատ արտահայտվելու, տարբեր կարծիքներ լսելու հնարավորություն: Այդ առիթով այսօր մեր քննարկումն իրականացնում ենք պանելային քննարկման ձևաչափով»,-ասաց ռեկտորի պաշտոնակատարը, ներկայացրեց հյուրերին և խոսքը տրամադրեց հիմնական բանախոսին:

Արայիկ Հարությունյանը ողջույնի խոսքում նախ ընդգծեց, որ ինքը ԵրԺՏԻ (այժմ՝ ՀՊՏՀ) ուսանող է եղել, ինչը մեծ պատիվ է համարում: Քննարկվող թեմայի կարևորությանն անդրադառնալով՝ նա նշեց՝ ցանկացած պետության տնտեսության դինամիկայով պայմանավորվում է երջանկության համաթիվը, ժողովրդագրական պատկերը:

Արցախի նախկին վարչապետի բանախոսությունն արտացոլում էր Արցախի տնտեսության անցած ուղին, ներկա վիճակը և տեսլականը: Արցախի տնտեսության առաջիկա զարգացումը նա կապեց գլխավորապես գյուղատնտեսության զարգացման հետ՝ նշելով, որ տվյալ ոլորտի զարգացումն իր հետ կաշխուժացնի այլ ոլորտներ ևս՝ այդ թվում տեղեկատվական տեխնոլոգիաները: Արայիկ Հարությունյանը նաև ՀՀ և Արցախի տնտեսական ցուցանիշների համեմատական վերլուծություն կատարեց, անդրադարձավ Արցախի տնտեսության զարգացման ներուժին, ագրարային ոլորտի խթանման առանձնահատկություններին ու հեռանկարներին: Ելույթի ավարտից հետո Արայիկ Հարությունյանը պատասխանեց լսարանի հարցերին:

Այնուհետև քննարկված թեմայի, ինչպես նաև դահլիճից հնչած հարցերի առնչությամբ կարճ ելույթներ ունեցան պանելային քննարկման մյուս մասնակիցները: Հրանտ Բագրատյանն ընդգծեց, որ Արցախի տնտեսությունն իսկապես որոշակի հաջողություններ արձանագրել է՝ նկատի ունենալով տնտեսական աճի ցուցանիշը: Աշոտ Մարկոսյանը նախ դիմեց ուսանողներին՝ ասելով, թե որքան կարևոր մասնագիտություն են ընտրել իրենք, քանի որ տնտեսագիտությունն է դրված բոլոր խնդիրների հիմքում, ապա առաջարկեց ՀՊՏՀ ղեկավարությանը՝ շարունակել պետության տնտեսության խնդիրների շուրջ քննարկումների կազմակերպումը՝ ձևակերպելով ազգային օրակարգ: Աշոտ Մարկոսյանի այս առաջարկին Դիանա Գալոյանն արձագանքեց պատրաստակամությամբ՝ համոզմունք հայտնելով, որ ՀՊՏՀ-ն ունի հնչած առաջարկն իրագործելու ներուժը: Թաթուլ Մանասերյանը շարունակեց՝ տնտեսական քաղաքականությունը կարևոր է, բայց նաև ազգային օրակարգ է պետք: Նրա խոսքով՝ հարկավոր է ստեղծել կայուն արժեքների ամբողջությունը, որը տնտեսական զարգացման հիմք կծառայի՝ անկախ քաղաքական խնդիրներից և փոփոխություններից: Վահան Մովսիսյանը, որպես բուհի կառավարման գլխավոր մարմնի նախագահ, դիմեց ՀՊՏՀ ուսանողներին և դասախոսներին՝ կարևորել կրթության որակը, քանի որ մեր համալսարանի շրջանավարտներին է նաև վաղը տրվելու լուծել երկրի առջև ծառացած տնտեսական հիմնախնդիրները:

Հանդիպման ավարտին Արայիկ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին՝ միջոցառման կազմակերպման համար, իսկ բուհի ղեկավարն իր հերթին խոստացավ՝ նման հանդիպումները շարունակական կլինեն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին