ՀՊՏՀ-ում մեկնարկում է հերթական կարճաժամկետ դասընթացը՝ «Նախագծերի կառավարման հիմունքներ» խորագրով. հարցազրույց դասընթացավար Սոնա Մատինյանի հետ

Դիտումների քանակ՝ 1774

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Նախագծերի կառավարման ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի (PMI) հետ համագործակցության շրջանակում վաղը՝ նոյեմբերի 5-ին, սկսում է «Նախագծերի կառավարման հիմունքներ» դասընթացը, որի մեկնարկին ընդառաջ asue.am-ը զրուցել է դասընթացավար, PMI միջազգային որակավորում ունեցող փորձագետ, PMI-Armenia-ի փոխնախագահ և հոգաբարձուների խորհրդի անդամ Սոնա Մատինյանի հետ: Նա խոսել է դասընթացից ակնկալվող արդյունքի, նախագծերի կառավարման առանձնահատկությունների մասին՝ կատարելով հայտագրված մասնակիցներին հետաքրքրող կարևոր շեշտադրումներ:

-Հարգելի՛ Սոնա, «Նախագծերի կառավարում» ուղղությունը մեզանում համեմատաբար նոր է, թեև լայն թափով տարածում է գտնում: Մի քիչ կմանրամասնե՞ք ՝որո՞նք են նախագծերի կառավարման մասնագետների գործունեության ոլորտները (ո՞ր ոլորտներում են հիմնականում պահանջված այս մասնագետներն այսօր), և դասընթացը ի՞նչ հիմնական հարցեր է ներառելու և քննարկելու:

-Իրականում, Նախագծերի կառավարման ինստիտուտի կողմից մշակված ստանդարտը ենթադրում է, որ տվյալ գիտելիքն ունեցողը պետք է կարողանա ադապտացնել իր հմտությունները ցանկացած բնագավառում՝ լինի դա շինարարության, արվեստի, թե բարձր տեխնոլոգիաների ոլորտի նախագիծ: Իհարկե, սա չի բացառում, որ նախագծի կառավարիչը պետք է քաջատեղյակ լինի յուրաքանչյուր ոլորտի նրբություններին ու առանձնահատկություններին, բայց կառավարման հիմքերը բոլորի համար միանման են:

Դասընթացի արդյունքում մասնակիցները կտիրապետեն նախագծերի արդյունավետ կառավարման մեթոդներին և գործիքակազմին, կկարողանան ճիշտ կազմակերպել ընկերությունների նախագծերի կառավարման ամբողջ գործընթացը, կսովորեն առավել արդյունավետորեն օգտագործել իրենց տրամադրության տակ եղած նյութական և մարդկային ռեսուրսները:

-Ինչո՞ւ մասնակցել դասընթացին:

-Առհասարակ, մասնագիտական գիտելիքների մշտական կատարելագործումը ժամանակակից աշխարհում առավել քան կարևոր է: Նախագծերի կառավարումն հայաստանյան ներկա իրականության մեջ ամենաարագ զարգացող մասնագիտություններից է, իսկ գլոբալ առումով՝ լայն տարածում ունի ամբողջ աշխարհում: Կարելի է պարզապես նշել, որ աշխարհում տարատեսակ ոլորտների սերտիֆիկացված մասնագետների մեջ նախագծերի կառավարման սերտիֆիկացված մասնագետներն ամենաբարձր վարձատրվողներն են:

Այս դասընթացին մասնակցությունը հիմքեր կստեղծի հետագայում PMP արտոնագրման նախապատրաստական դասընթացն առավել դյուրին անցնելու համար:

-Ի՞նչ կտա դասընթացը նախագծերի կառավարման մասնագետներին, ուսանողին, ասպիրանտին, սկսնակ մասնագետին (հաշվի առնելով նրանց մասնագիտական պատրաստվածության տարբերությունները՝ խնդրում ենք յուրաքանչյուր թիրախային խմբի համար առանձին ու հակիրճ ներկայացնել տրվելիք արդյունքը):

-Ոլորտում առաջին քայլերը կատարողների համար սկզբունքային հարց է ճիշտ հիմքերի սահմանումը: Այս համատեքստում, կարծում եմ, ի սկզբանե հիմնարար գիտելիքների ձեռքբերումը շատ կարևոր է, ընդ որում, դասընթացը ներառում է ինչպես տեսական գիտելիքներ, այնպես էլ՝ շատ օրինակների քննարկումներ իրական կյանքից:

Ինչ վերաբերում է ոլորտում արդեն աշխատող մասնագետներին, կարող եմ վստահաբար ասել, որ շատերն իրենց առօրյայում որոշումներ կայացնելիս պարզապես հիմնվում են տարիների ընթացքում կուտակած սեփական աշխատանքային փորձի վրա՝ առանց տեսական գիտելիքներով ամրապնդված հիմքերի: Բայց սա այն ոլորտն է, որտեղ տեսական գիտելիքն իսկապես բխում է իրականությունից և դրա կիրառումը բավականին հեշտացնում է մեր աշխատանքը: Հեծանիվ հորինելու կարիք չկա, երբ ամեն ինչ արդեն իսկ մտածված է. մեզ անհրաժեշտ է ուղղակի տիրապետել տասնյակ առաջատար միջազգային փորձագետների կողմից մշակված և աշխարհում վաղուց արդեն կիրառելի ստանդարտներին, ընթացակարգերին և այլն:

-Մասնավորապես, գործնական ոլորտում աշխատող մասնագետը դասընթացն ավարտելուց հետո ի՞նչը կարող է բարելավել /փոխել / իր աշխատանքում՝ հաշվի առնելով, որ դասընթացը նախատեսում է անդրադառնալ նաև ժամանակակից ծրագրային միջոցներին:

-Դասընթացի ընթացքում մենք անդրադառնալու ենք տարբեր պրակտիկ գործիքների և մեթոդների, այդ թվում՝ PMIS-ների (Project Management Information Systems), որոնք էապես հեշտացնում են նախագծերի կառավարիչների աշխատանքը, հնարավորություն են ընձեռում ստեղծել շաբլոններ (template)՝ նվազեցնելով նմանատիպ աշխատանքային պրոցեսներում անընդհատ 0-ից տարատեսակ փաստաթղթեր ստեղծելու անհրաժեշտությունը: Այս ամենը բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը, նպաստում է ժամանակի և ռեսուրսների խնայողությանը:

-Շնորհակալություն մեր հարցերը հանգամանալից մեկնաբանելու համար, մաղթում ենք արդյունավետ դասընթաց:

Նշենք, որ դասընթացի ավարտին քննություն հանձնած և 80 տոկոսի շեմը հաղթահարած մասնակիցներին կշնորհվեն ավարտական հավաստագրեր: Դասընթացի մասնակից ՀՊՏՀ ուսանողները և աշխատակիցները օգտվում են սահմանված վճարի 30 տոկոս, իսկ շրջանավարտները՝ 10 տոկոս զեղչից: Դասընթացի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ,  իսկ դասընթացի բովանդակությանը՝ այստեղ:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ն հայտարարել է կարճաժամկետ դասընթացների ծառայությունների ոլորտում դիրքավորվելու մասին: Առաջին դասընթացը՝ «Աշխատակազմի կառավարման հարցերով զբաղվող մասնագետների վերապատրաստում» թեմայով, մեկնարկել է հոկտեմբերի 22-ին: Մանրամասները հասանելի են այստեղ:

Նախաձեռնությունը կազմակերպում և համակարգում է ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին