Տնտեսագիտական համալսարանի ուղեղային կենտրոնը հրատարակել է «Ամբերդ» տեղեկագիրը. շնորհանդեսը կայացավ այսօր (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 3109

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հանդես է գալիս նոր՝ գիտահանրամատչելի հանդեսի լույս ընծայմամբ: Այսօր ՀՊՏՀ-ում մեծ շուքով կայացավ «Ամբերդ» տեղեկագրի շնորհանդեսը, որին մաս­նակցում էին ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահան Մովսիսյանը, ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, պրոռեկտոր­ներ Թաթուլ Մկրտչյանը և Արմեն Գրիգորյանը, «Ամբերդ» կենտրոնի ղեկավար Դավիթ Հախվերդյանը, հանդեսի խմբագրակազմը, հյուրեր, ՀՊՏՀ աշխատակիցներ և ուսանողներ:

Հետազոտական կենտրոնի տեղեկագիրը գիտահանրամատչելի հանդես է և անդրա­դառնում է տնտեսական ամենատարբեր թեմաների: Այն լույս է ընծայվում ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ, տպագրվել է բուհի «Տնտեսագետ» հրատարակչու­թյունում: Անդրանիկ համարում 10 խորագրերի ներքո ներկայացված են 14 հոդվածներ՝ թեմատիկ լայն ընդգրկմամբ՝ տնտեսություն, ֆինանսներ, սոցիալական քաղաքակա­նություն, տարածքային զարգացում, մրցակցություն, կրթություն, նորարարություն, անվտանգություն և այլ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը՝ հայտարարելով, որ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը առաջին անգամ հանդես է գալիս տեղեկագրի հրատարակմամբ՝ լայն հանրությանը ներկայացնելով գիտահանրամատչելի հանդես, որը մատչելի լեզվով տնտեսական տարբեր հարցերի շուրջ կներկայացնի կարևոր տեղեկատվություն: Նա նշեց, որ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը 2-րդ տարին արդեն ընդգրկվում է Փենսիլվանիայի համալսարանի աշխարհի ուղեղային կենտրոնների գլոբալ վարկանիշավորման “Go To Think Tank Index Report'' զեկույցում՝ 100 լավագույն համալսարանական ուղեղային կենտրոնների շարքում՝ այս անգամ զբաղեցնելով 94-րդ հորիզոնականը, ինչն աննախադեպ ցուցանիշ է ոչ միայն հայաստանյան, այլև տարածաշրջանային ուղեղային կենտրոնների շարքում: Բուհի ղեկավարը շնորհակալություն հայտնեց կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանին և աշխատակազմին՝ գաղափարը կյանքի կոչելու համար:

ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանն իր խոսքում նշեց, որ տեղեկագրի գաղափարը կյանքի կոչելու համար կենտրոնի աշխատակազմը մեծ ջանքեր է ներդրել: Պրոռեկտորի խոսքով՝ այն տնտեսական, քաղաքական, տարածաշրջանային իրադարձությունների վերաբերյալ պրոֆեսիոնալ կարծիքի հանրամատչելի ներկայացման հարթակ է: Որպես նախկին «Ամբերդ»-ական՝ շնորհավորանքի և արժևորման խոսք ասաց նաև ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը: Պրոռեկտորը նշեց, որ ուղեղային կենտրոնները հանրային քաղաքականության ոլորտում որոշումների կայացման գործընթացին ներգրավման կարիք ունեն և հույս հայտնեց, որ տեղեկագիրը ևս կծառայի այս նպատակին:

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը համապարփակ ելույթով ներկայացրեց տեղեկագրի հրատարակման նպատակը և բովանդակային ընդգրկումը: «Տեղեկագրի թողարկմամբ իրականություն է դառնում մի նախագիծ, որը, ուղեղային կենտրոնի հեղինակության ամրապնդման և ճանաչելիության շրջանակի ընդլայնումից բացի, ունի կարևոր մի առաքելություն՝ էապես նպաստել մասնագիտական հետազոտությունների և վերլուծությունների լսարանի ընդարձակմանը՝ մատչելի և ընկալելի աշխատանքների մատուցմամբ: Այսինքն՝ մեր գլխավոր նպատակն է գիտահանրամատչելի ձևաչափով տեղեկություններ մատուցել հասարակության ոչ միայն մասնագիտական, այլև լայն զանգվածներին, ովքեր հետաքրքրված են տնտեսական հնչեղություն ունեցող այս կամ այն խնդիրներով»,- ասաց Դավիթ Հախվերդյանը: Նրա խոսքով՝ խմբագրակազմը զերծ կմնա խորը և բազմաբովանդակ գիտական հետազոտություններ հրապարակելուց, պատկերավոր ասած՝ կփորձի տեղեկագիրը ներկայացնել ժողովրդական լեզվով:

Կենտրոնի ղեկավարն ընդգծեց, որ թեմաների ընտրությունը օրինաչափություն չի ունենալու, տեղեկագիրն անդրադառնալու է այն ամենին, ինչը կարող է հուզել հանրությանը: «Ավելին՝ տեղեկագրում զետեղված հոդվածների շուրջ կարող են կազմակերպվել տարբեր ձևաչափերի քննարկումներ որոնց արդյունքում նույնպես կարող են ծնվել նոր թեմաներ, այսինքն՝ հնարավոր է առաջիկա համարում ներառված հոդվածները լինեն նաև ընթերցողների արձագանքի հիման վրա: Հոդվածների ընտրության չափանիշը արդիականությունն է և այն, որ ներկայացվի հասարակությանը հուզող խնդիր»,- ասաց Դավիթ Հախվերդյանը:

Շնորհանդեսից հետո ելույթներով և շնորհավորանքի խոսքերով հանդես եկան ներկաները՝ նախ ընդգծելով, որ նման տեղեկագրի կարիքը կար, ապա ներկայացնելով տեղեկագրի զարգացման առաջարկներ: Առաջարկներով հանդես եկան և արժևորման խոսք ասացին ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամի տնօրեն Հեղինե Մանասյանը, ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանը, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահան Մովսիսյանը, տնտեսագետ, ՀՊՏՀ խորհրդի անդամ Վահագն Խաչատրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Նարեկ Ադամյանը:

Կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ Վարդան Աթոյանը asue.am-ի հետ զրույցում նշեց, որ «Ամբերդ» վերլուծական տեղեկագրի հրապարակումը խորհրդանշում է հետա­զոտական կենտրոնի զարգացման հերթական և տրամաբանական փուլը: «Անշուշտ, սեփական վերլուծական պարբերական ունենալու գաղափարն ինքնին նոր չէ և կենտրոնի գրեթե յոթնամյա գործունեության ընթացքում մենք մշտապես ունեցել ենք նման տեսլական ու քայլ առ քայլ մոտեցել ենք այս նպատակին: Արդեն շուրջ երկու տարի է «Ամբերդը», ի թիվս երկարաժամկետ հետազոտական նախագծերի և ոլորտա­յին ուսումնասիրությունների, էլեկտրոնային ձևաչափով հրապարակում է նաև վերլու­ծական հոդվածներ, ինչը հիմքեր է նախապատրաստել այս տեղեկագրի ստեղծման համար: Իհարկե, անչափ ուրախ եմ, որ վերջապես մեր գաղափարը իրականություն դարձավ»,,- ասաց Վարդան Աթոյանը՝ հույս հայտնելով, որ թե՛ «Ամբերդ» վերլուծական տեղեկագիրը, թե՛ հատկապես «Ամբերդ» հետազոտական կենտրոնը բազմաթիվ տասնամյակների կյանք կունենան և նոր գաղափարներ կբերեն հանրային կյանք, կձևավորեն ակադեմիական խոսույթ, օգտակար կլինեն որոշում կայացնողներին և իրենց մտավոր արտադրանքով կնպաստեն մեր հայրենիքի անվտանգության ամրապնդմանն ու կայուն զարգացմանը:

Վարդան Աթոյանի խոսքով, սովորաբար ուղեղային կենտրոնների և այլ էլիտար փորձագիտական հարթակների կայացման համար տասնամյակներ են անհրաժեշտ: «Միայն տարիների նվիրված և արհեստավարժ աշխատանքով, հավատով ու համոզմունքով, այդ թվում՝ մնայունը՝ ժամանակավորից, առաջնայինը՝ երկրորդականից, գաղափարը՝ անձերից, հավաքական նպատակը՝ սեփական հավակնությունից տարբերակելու, առաջնահեր­թու­թյունները հստակ սահմանելու, ինստիտուցիոնալ էվոլյուցիայի անխզելիությունը ապահովելու և փորձագիտական աշխատանքը որպես կոչում, այլ ոչ որպես զբաղմունք գիտակցումն ունենալով է հնարավոր ստեղծել հաստատություն, որը կունենա հաջո­ղության պատմություն, ուրույն հետազոտական ձեռագիր, ակադեմիական ավանդույթ­ներ, խորհրդանշական կապիտալ և, վերջապես, հանրային հեղինակություն: Այս առումով «Ամբերդը» գաղափար է և ոչ պարզապես աշխատավայր: Այս համատեքստում թեև արդեն արձանագրած շոշափելի հաջո­ղություններին և հավակնոտ նպատակներին՝ «Ամբերդը» բավականին երիտասարդ կառույց է և զարգացման երկար ճանապարհ ունի անցնելու»,- ասաց նա:

Հավելենք, որ տեղեկագիրը երկամսյա է, լույս է տեսել 200 տպաքանակով, էլեկտրոնային տարբերակն առցանց հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին