Բիզնես նախագծերի շնորհանդես՝ «Ինֆորմատիկայի հիմունքների» բաց դասին

22.04.2021
Դիտումների քանակ՝ 1178

Կառավարում մասնագիտության 2-րդ կուրսում «Ինֆորմատիկայի հիմունքներ» առարկայի դասն այսօր անցավ գործնական մթնոլորտում։ Ուսանողները թիմերով ներկայացրին բիզնես նախագծեր, որոնք մշակել էին՝ կիրառելով տեղեկատվական տեխնոլոգիաների վերլուծական գործիքներ։ Ուսանողները բաժանվել էին 3 թիմի, յուրաքանչյուրն իրականացրել էր կառավարչական գործունեության գործառույթներ. օրինակ, նախագծերից մեկն իտալական սրճարանի, մյուսը հյուրատան հիմնում էր: Յուրաքանչյուր նախագիծ ներկայացնում էր SWOT վերլուծություն, շուկայի ուսումնասիրության արդյունքներ, նորաստեղծական գաղափարներ:

Դասախոս, տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի ասիստենտ Գայանե Տերտերյանը ողջույնի խոսքում նշեց, որ շուրջ 2 ամիս ուսանողներն աշխատել են նախագծերի վրա՝ ամրապնդելով իրենց տեսական գիտելիքը: Նա կարևորեց զուգահեռաբար կառավարչական հմտությունների զարգացումը:

Դասին հրավիրված էին ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը, ասպիրանտուրայի բաժնի պետ Եվգենյա Բազինյանը, կառավարման ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը, տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչի ժ/պ Արմեն Ղազարյանը և դասախոսներ: Շնորհանդեսի ավարտին նրանք ներկայացրին իրենց դիտարկումներն ու գնահատականը, դրվատեցին ուսանողներին՝ նորարար գաղափարների, կատարված գրագետ աշխատանքի և լավ ներկայացման համար։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին