ՀՊՏՀ-ում մեկնարկել է «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը և տնտեսությունը -2019» հատուկ դասընթացը

Դիտումների քանակ՝ 2003

«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ, անցկացնում են «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը և տնտեսությունը-2019» հատուկ դասընթացը, որը հունիսի 14-ին մեկնարկեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում և կավարտվի հունիսի 20-ին։ Հատուկ դասընթացը նվիրված է ՉԺՀ ստեղծման 70-ամյակին։

Դասընթացի հիմնական նպատակն է ժամանակակից Չինաստանի արտաքին քաղաքականության, տնտեսության համակողմանի քննարկումը, հայ-չինական հարաբերությունների բարելավման շուրջ մտքերի փոխանակումը «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի հետ համագործակցող արտասահմանցի և հայ մասնագետների հետ, ովքեր հայ երիտասարդ մասնագետներին գիտելիքներ և հմտություններ կփոխանցեն աշխարհի աճող գերտերության՝ Չինաստանի վերաբերյալ։ Դասընթացին մասնակցելու հրավեր են ստացել 32 դիմորդներ, ովքեր հաղթել են մրցույթում և հնարավորություն են ստացել մասնակցել դասընթացներին։

Դասընթացի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ՀՊՏՀ Չինաստանի լսարանում։ Դասընթացի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանը, ՉԺՀ դեսպան Թիան Էրլունը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը և «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար Մհեր Սահակյանը։

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը խոսել է հայ-չինական հարաբերությունների խորացման անհրաժեշտության մասին, նշել է, որ ներկայիս կառավարությունը կարևորում է Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը։ Անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Չինաստան կատարած այցին, ձեռք բերված համաձայնություներին, ներկայացրել է ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեի հետ բանակցությունների արդյունքները։ Տիկին Նազարյանը կարևորել է գիտական աշխարհի հետ հետագա համագործակցությունը, նշել է, որ բարձր է գնահատում «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» դասընթացի կազմակերպման գաղափարը։

ՉԺՀ դեսպան Թիան Էրլունը ներկայացրել է Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, խոսել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության նպատակների և հաջողությունների մասին, ընդգծել է Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնական գաղափարախոսության՝ Համատեղ խաղաղ գոյակցության հինգ սկզբունքների արդիականությունը։ Անդրադառնալով հայ-չինական հարաբերություններին նա նշել է, որ հայ-չինական հարաբերություններում առկա մեծ պոտենցիալը պետք է օգտագործել և զարգացնել համագործակցությունը։

ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն իր խոսքում շնորհավորելով ներկաներին միջոցառման բացման կապակցությամբ՝ նշեց. «Կարծում եմ, որ նմանատիպ դասընթացների կազմակերպումը մեծ կարևորություն ունի մեր պետության համար: Թե ինչպես և ինչ արդյունավետությամբ ենք հետագայում իրականացնելու մեր արտաքին քաղաքականությունը, որոշվում է հիմա, որովհետև մարդկային ռեսուրսն է ամենաէականը: Իսկ վերջինիս զարգացման համար պարտավոր ենք այսպիսի դասընթացների միջոցով փոխանցել և տարածել այն հմտությունները և կարողությունները, որոնք երկարաժամկետում նշանակալից արդյունք են ապահովելու: Չինաստանի հետ համագործակցությունը մեր երկրի համար միշտ եղել և լինելու է առաջնահերթություններից մեկը: Եվ հետևաբար դասընթացի արդյունքում ակնկալում ենք, որ ստացած գիտելիքի շնորհիվ մասնակիցները ավելի մեծ հնարավորություն կունենան նպաստելու հայ-չինական հարաբերությունների զարգացմանը՝ բոլոր ուղղություններով»։

«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար Մհեր Սահակյանը և «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» դասընթացի հիմնադիրը նշեց, որ հաշվի առնելով ներկա աշխարհակարգում տեղի ունեցող փոփոխություններում Չինաստանի աճող դերը՝ անհրաժեշտ է Հայաստանում ուսումնասիրել և հասկանալ այդ երկիրը, խորացնել հարաբերությունները։ Նա հույս հայտնեց, որ «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» դասընթացի մասնակիցները ստացած գիտելիքները կօգտագործեն հայ-չինական հարաբերությունների զարգացման և հայրենիքը հզորացնելու գործում։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին