ՀՊՏՀ-ն ինտենսիվացնում է օտարերկրյա ուսանողների ներգրավման աշխատանքները, օրակարգում միջազգային հավատարմագրումն է

Դիտումների քանակ՝ 2218

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը (օրակարգը՝ կից), և օրակարգային առաջին հարցի զեկուցմամբ հանդես եկան ֆակուլտետների դեկանները՝ ներկայացնելով հեռակա ուսուցման մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների՝ 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի գիտահետազոտական փորձառության արդյունքները:

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Դիանա Գալոյանը զեկուցեց ըստ կրթաձևերի օտարերկրյա ուսանողների ուսման վարձի չափերը սահմանելու մասին հարցը՝ նշելով, որ տարիներ շարունակ ՀՊՏՀ-ն օտարերկրյա ուսանողների ներգրավման ուղղությամբ աշխատանքներ է իրականացրել, ինչը ներկայում շոշափելի արդյունք ունենալու հնարավորություն է ստեղծել: «Այս տարվանից սկսած մենք բավականին ինտենսիվ աշխատում ենք, մի շարք համաձայնություններ ենք ձեռք բերել հատկապես հնդկական շուկայի հետ՝ հնդիկ ուսանողների ներգրավման առումով: Այնպես որ, գործընթացը սկսել ենք և հույս ունենք, որ թե՛ բակալավրական, թե՛ մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերում կկարողանանք ներգրավել ուսանողներ արդեն այս ուսումնական տարվանից»,- նշեց պրոռեկտոր Դիանա Գալոյանը:

«Ես կարծում եմ, որ առաջիկայում՝ մեկ-երկու տարվա ընթացքում մեր համալսարանը կրթական ծրագրերի գծով պետք է անցնի միջազգային հավատարմագրման գործընթաց, ինչը հնարավորություն կտա ուսանողներ ներգրավել տարբեր երկրներից»,- հայտարարեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով գործընթացին:

Նշվեց, որ վարձավճարները սահմանելու համար իրականացվել է ուսումնասիրություն, ինչի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեցին համալսարանի ֆինանսական տնօրեն Մհեր Փարվանյանը և միջազգային կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը:

Առաջարկվեց և նիստում հաստատվեց օտար լեզվով կրթական ծրագրերի ուսման վարձերը բակալավրիատի համար սահմանել 1մլն 650 հազար ՀՀ դրամ, մագիստրատուրայի համար՝ 1 մլն 890 հազար ՀՀ դրամ և ասպիրանտուրայի համար՝ 1մլն. 200 հազար ՀՀ դրամ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին