Խնդիրների արձանագրումից պետք է անցնենք որոշումների կայացմանը. Ռուբեն Հայրապետյանը՝ 2019թ. ռեկտորատի առաջին նիստում

Դիտումների քանակ՝ 1863

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ այսօր կայացավ 2019թ. ռեկտորատի առաջին նիստը, որի օրակարգում մեկ տարկետման, հեռակա ուսուցման կրթաձևի հեռացման ենթակա ուսանողներին և ուսման վարձերի վճարման գործընթացին վերաբերող հարցեր էին:
Տարկետման հարցի քննարկման համատեքստում անդրադարձ արվեց ուսանողների վերականգնման խնդրին. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ ուսանողներին հուզող խնդիրներին պետք է պատշաճ լուծում տրվի, ապա ռեկտորատի անդամներին հանձնարարեց հարցի վերաբերյալ հանդես գալ առաջարկություններով, որոնք կներկայացվեն նաև ՀՀ կրթության և գիտության նախարարություն:
«Մենք ոչ թե պետք է անվերջ խնդիրներ արձանագրենք, այլ պետք է հստակ որոշումներ կայացնենք՝ արդարացի և պատշաճ»,- հայտարարեց Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով համալսարանում, մասնավորապես կրթական գործընթացում առկա խնդիրներին: Ռեկտորի պաշտոնակատարի խոսքով՝ առջևում սպասվող բոլոր բարեփոխումները կներկայացվեն, կքննարկվեն, սակայն կարևոր է այս պահին ամրագրել, որ անթույլատրելի բոլոր երևույթներին վերջ է տրվելու: «Տնտեսագիտական համալսարանի բոլոր ձեռքբերումները պետք է ակնհայտ լինեն թե՛ ուսանողների, թե՛ հանրության համար, որի մի մասնիկն է մեր համալսարանը, ուստի պարտավոր ենք մեր հանձնառությունը կատարել բարձր որակով, բարեխղճորեն և պատասխանատվությամբ»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Ընթացիկ հարցերի շարքում ներկայացվեցին ՀՊՏՀ ռեկտորին ուղղված ուսանողների դիմումները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին