Կյանքից հեռացել է ֆինանսների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանը

01.11.2020
Դիտումների քանակ՝ 1554

Սգում ենք ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Բորիսի Սալնազարյանի անժամանակ մահը: Նա իր կյանքի 25 տարին ՀՊՏՀ-ի հետ էր: Անզուգական գիտնական-մանկավարժ էր, ով իր երկարամյա գործունեության ընթացքում անուրանալի ներդրում է ունեցել համալսարանի կայացման, հատկապես որպես ֆինանսական ոլորտի լավագույն կադրեր պատրաստող ուսումնական հաստատության զարգացման գործում: 2013 թ.-ից ղեկավարում էր բուհի ամենամեծ ամբիոններից մեկը`    ֆինանսների ամբիոնը: Խստապահանջ էր, կարգուկանոնի սիրահար, բայց միևնույն ժամանակ` անմիջական ու հումորասեր: Հմտորեն զուգակցում էր կառավարչի, մանկավարժի, գիտնականի և ավագ ընկերոջ լավագույն հատկանիշները:

Գիտական հետաքրքրությունների շրջանակում էին ֆինանսական շուկաները, կորպորատիվ ֆինանսները, արժեթղթերի և ածանցյալ արժեթղթերի շուկաները:

ՀՀ ֆինանսական հաշտարարի հոգաբարձուների խորհրդի անդամ էր, ինչպես նաև Տնտեսագիտության 014 մասնագիտական խորհրդի անդամ: Աշոտ Սալնազարյանը հեղինակ է շուրջ 8 տասնյակ գիտական աշխատանքների:

Նրա գիտական հովանու ներքո տնտեսագիտության մեջ նոր խոսք են ասել և իրենց հաստատուն քայլերն արել տասնյակ երիտասարդ գիտնականներ, հետազոտողներ:

Աշոտ Սալնազարյանը ոչ միայն ֆինանսական ոլորտի բացառիկ մասնագետ էր, այլև համակողմանի զարգացած անձ, արվեստի, մշակույթի սիրահար ու գիտակ: Շատերը կհիշեն պրոֆեսորի`  հայ գրականության բարձր իմացությունը, հոգեհմա խոսքը, հիացնող ասմունքն ու դիպուկ մեջբերումները: Նա հատկապես Պարույր Սևակի սիրահար էր և անվերջ կարող էր Սևակ ասմունքել…

Աշոտ Սալնազարյանը նաև ՀՊՏՀ «Տնտեսագետ» պաշտոնաթերթի լավագույն թղթակիցներից էր և հաճախ էր հանդես գալիս իր մասնագիտական խորը վերլուծություններով:Որպես ՀՊՏՀ երախտավորի, վերջերս asue.am-ը հարցազրույցի էր հրավիրել Աշոտ Սալնազարյանին. բլից հարցազրույցը նվիրված էր բուհի հոբելյանին, և պրոֆեսորն ինքնահատուկ խոսքով նկարագրել էր իր սերը Տնտեսագիտական մայր բուհի հանդեպ: «Շնորհալի մարդուն տարիքը շնորհք է ավելացնում»,-զրույցում նշել էր նա, և սրա վառ օրինակն, անշուշտ, հենց ինքն էր:

«ՀՊՏՀ-ն մենք ենք, մեր ուսանողներն ու շրջանավարտները» վերտառությամբ հարցազրույցին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կորուստն անդառնալի է: Մեր վշտակցությունն ենք հայտնում Աշոտ Սալնազարյանի ընտանիքին ու հարազատներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին