Կյանքից հեռացել է ֆինանսների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանը
Սգում ենք ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Բորիսի Սալնազարյանի անժամանակ մահը: Նա իր կյանքի 25 տարին ՀՊՏՀ-ի հետ էր: Անզուգական գիտնական-մանկավարժ էր, ով իր երկարամյա գործունեության ընթացքում անուրանալի ներդրում է ունեցել համալսարանի կայացման, հատկապես որպես ֆինանսական ոլորտի լավագույն կադրեր պատրաստող ուսումնական հաստատության զարգացման գործում: 2013 թ.-ից ղեկավարում էր բուհի ամենամեծ ամբիոններից մեկը` ֆինանսների ամբիոնը: Խստապահանջ էր, կարգուկանոնի սիրահար, բայց միևնույն ժամանակ` անմիջական ու հումորասեր: Հմտորեն զուգակցում էր կառավարչի, մանկավարժի, գիտնականի և ավագ ընկերոջ լավագույն հատկանիշները:
Գիտական հետաքրքրությունների շրջանակում էին ֆինանսական շուկաները, կորպորատիվ ֆինանսները, արժեթղթերի և ածանցյալ արժեթղթերի շուկաները:
ՀՀ ֆինանսական հաշտարարի հոգաբարձուների խորհրդի անդամ էր, ինչպես նաև Տնտեսագիտության 014 մասնագիտական խորհրդի անդամ: Աշոտ Սալնազարյանը հեղինակ է շուրջ 8 տասնյակ գիտական աշխատանքների:
Նրա գիտական հովանու ներքո տնտեսագիտության մեջ նոր խոսք են ասել և իրենց հաստատուն քայլերն արել տասնյակ երիտասարդ գիտնականներ, հետազոտողներ:
Աշոտ Սալնազարյանը ոչ միայն ֆինանսական ոլորտի բացառիկ մասնագետ էր, այլև համակողմանի զարգացած անձ, արվեստի, մշակույթի սիրահար ու գիտակ: Շատերը կհիշեն պրոֆեսորի` հայ գրականության բարձր իմացությունը, հոգեհմա խոսքը, հիացնող ասմունքն ու դիպուկ մեջբերումները: Նա հատկապես Պարույր Սևակի սիրահար էր և անվերջ կարող էր Սևակ ասմունքել…
Աշոտ Սալնազարյանը նաև ՀՊՏՀ «Տնտեսագետ» պաշտոնաթերթի լավագույն թղթակիցներից էր և հաճախ էր հանդես գալիս իր մասնագիտական խորը վերլուծություններով:Որպես ՀՊՏՀ երախտավորի, վերջերս asue.am-ը հարցազրույցի էր հրավիրել Աշոտ Սալնազարյանին. բլից հարցազրույցը նվիրված էր բուհի հոբելյանին, և պրոֆեսորն ինքնահատուկ խոսքով նկարագրել էր իր սերը Տնտեսագիտական մայր բուհի հանդեպ: «Շնորհալի մարդուն տարիքը շնորհք է ավելացնում»,-զրույցում նշել էր նա, և սրա վառ օրինակն, անշուշտ, հենց ինքն էր:
«ՀՊՏՀ-ն մենք ենք, մեր ուսանողներն ու շրջանավարտները» վերտառությամբ հարցազրույցին կարող եք ծանոթանալ այստեղ:
Կորուստն անդառնալի է: Մեր վշտակցությունն ենք հայտնում Աշոտ Սալնազարյանի ընտանիքին ու հարազատներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին