Իշխան Խլղաթյան – 80. ամբիոնը շնորհավորեց ու մեծարեց բազմավաստակ գիտնական-մանկավարժին
ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի հերթական նիստն այսօր առանձնահատուկ էր ու տոնական: Ամբիոնի վարիչը՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հովսեփ Աղաջանյանը, վարելով նիստը և սպառելով օրակարգով նախատեսված հարցերը, նշեց. «Մեր այսօրվա նիստի օրակարգում կարևորագույն հարցը կապված է մեր հարգելի ու շատ սիրելի, մեր ամբիոնի հենասյուներից մեկի Իշխան Խլղաթյանի 80-ամյա հոբելյանի հետ»: Այնուհետև իր ավագ գործընկերոջը բնութագրելիս Հովսեփ Աղաջանյանը խոսեց Իշխան Խլղաթյան գիտնականի, մանկավարժի, քաղաքացու ու ընկերոջ մասին՝ նշելով որ որպես գիտնական՝ նա իր տաղանդը նվիրել է նոր գաղափարների ի հայտ բերմանը և դա արել է գիտական բարձր ճաշակով:
«1960-ական թվականներին հայ տնտեսագիտական միտքը սկսեց զարգացում ապրել: Զաքարե Բաշինջաղյանի, Մուշեղ Ադոնցի, Արտաշես Առաքելյանի, Ներսես Թովմասյանի և մյուս մեծ տնտեսագետների շնորհիվ ստեղծվեց տնտեսագիտական դպրոց, որի ավանդույթների հավատարիմ շարունակողներից մեկը դարձավ Իշխան Ղլղաթյանը և իր մենագրություններով, ուսումնական ձեռնարկներով և հոդվածներով փայլուն կերպով հանդես եկավ գիտության ասպարեզում»,- ասաց ամբիոնի վարիչը և երախտագիտության ու արժևորման խոսք ասաց հոբելյարի հասցեին՝ որպես ուսուցչի, ընտանիքի հոր, պապիկի, եղբոր ու ամուսնու, ով իր սիրելի տիկնոջ՝ Լաուրայի հետ միասին ստեղծել է հրաշալի, մեծ ու համերաշխ ընտանիք: Ամբիոնի անունից նա մաղթեց աշխատանքային ու անձնական հաջողություններ:
Հոբելյարին շնորհավորեց, առողջություն ու ստեղծագործական ձեռքբերումներ ու «երկրորդ շնչառություն» մաղթեց տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Սամվել Գրիգորյանը: Նա նշեց, որ 45 տարի առաջ իրեն բախտ է վիճակվել ճանաչել Իշխան Խլղաթյանին՝ սկզբում որպես նրա ուսանող, ապա գործընկեր, ու մշտապես մասնագիտական ու մարդկային որակներով անվանի գիտնականը օրինակ է եղել իր սաների ու գործընկերների համար:
Տնտեսագիտության թեկնածու, նույն ամբիոնի դոցենտ Կիմա Վարդանյանը իր հակիրճ խոսքում վստահեցրեց, որ իրենց բանիմաց ու փորձառու, հոգատար ու սրտացավ գործընկերը աջակցությամբ ու խորհուրդներով միշտ իրենց կողքին է, միաժամանակ սիրված ու հարգված է բոլորի կողմից:
Ամբիոնի դասախոսները բոլորը շնորհավորեցին ու մեծարեցին իրենց ավագ գործընկերոջը՝ հոբելյարին ու իրենց մաղթելով համատեղ բեղմնավոր աշխատանքի երկար տարիներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին