ԵՄ քաղաքականության թեմայով կլոր սեղան-քննարկումը՝ փորձի փոխանակման, նոր գիտելիքի և գաղափարների հարթակ

14.05.2021
Դիտումների քանակ՝ 1842

«Էրազմուս+» ծրագրով ՀՊՏՀ-ում իրականացվող «ԵՄ քաղաքականությունը, գործող կարգավորումներն ու վարչական կառուցվածքը» Ժան Մոնե մոդուլի շրջանակում այսօր կայացավ 3 նիստից բաղկացած առցանց կլոր սեղան-քննարկում։

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ գերատեսչությունների, ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք, ինչպես նաև ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմերի, այլ համալսարանների և հետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ։ Կլոր սեղան-քննարկումը ծավալվեց աշխատանքային ամբողջ օրը և դիտարկեց ԵՄ-ին առնչվող ընդգրկուն հարցեր։

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի պետ Յան Պլեշինգերը, ՀՀ-ում «Էրազմուս+» ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան, կլոր սեղանի մոդերատոր, ՀՊՏՀ ՄՏՀ ամբիոնի ասիստենտ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող Ալբերտ Հայրապետյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ողջունեց մասնակիցներին և բարձր գնահատեց միջոցառումը՝ նկատելով, որ Տնտեսագիտական համալսարանն աչքի է ընկնում նշանակալի միջոցառումների կազմակերպմամբ, ինչը գովելի է։ Նա նաև հույս հայտնեց, որ նման նախաձեռնությունները կնպաստեն արդյունավետ քննարկումներին։

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ կլոր սեղան-քննարկմանը մասնակցելու համար, ներկայացրեց ՀՊՏՀ-ում վերջին շրջանում ներդրված միջազգային ծրագրերը և տեղեկացրեց, որ ՀՊՏՀ-ում Ժան Մոնե մոդուլի շրջանակում դասավանդվում են 3 առարկաներ, որոնց միջոցով ուսանողները համապարփակ պատկերացում են կազմում ԵՄ-ի մասին, գիտելիք
ստանում ԵՄ պատմության, ինստիտուտների, որոշումների ընդունման ներքին
կառուցակարգերի, առանձնահատկությունների  և այլնի վերաբերյալ։

Յան Պլեշինգերի ողջույնի խոսքը Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման կարևորության մասին էր։ «ԵՄ-ն պատրաստ է օգնել Հայաստանին՝ հաղթահարելու կրկնակի շոկը՝ պատերազմից և համավարակից հետո»,-ասաց նա և մասնավորեցրեց՝ ԵՄ աջակցությունների շնորհիվ օտարերկրյա շուկաներն ավելի հասանելի կդառնան Հայաստանի համար, կստեղծվի ներդրումային գրավչություն, կապահովվի Հայաստանից արտահանվող ապրանքների բազմազանությունը։

Պլեշինգերի խոսքով՝ եվրոպացիների համար Հայաստանը նաև կարևոր զբոսաշրջային գոտի է, և շուտով զբոսաշրջիկները կայցելեն Հայաստան։

Լանա Կառլովան ևս ողջունեց մասնակիցներին՝ կարևորելով քննարկումը և ընդգծելով, որ պատերազմից և համավարակից հետո առաջացած մարտահրավերներին դիմակայելու համատեքստում հատկապես կարևոր է ԵՄ գործունեության և արժեքների մասին իրազեկ լինելը։

Ալբերտ Հայրապետյանը ներկայացրեց ՀՊՏՀ-ում «ԵՄ քաղաքականությունը, գործող կարգավորումներն ու վարչական կառուցվածքը» մոդուլի դասավանդման առանձնահատկությունները, դասավանդման ժամանակակից մոտեցումները, ընթացիկ արդյունքները։

Այնուհետև մեկնարկեցին նիստերը՝ «Հայաստան-ԵՄ երկկողմ առևտուր։ Նոր հնարավորություններ հայ գործարարների համար՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում», «ՀՀ-ն ԵՄ-ից և ԵԱՏՄ-ից ներդրումների փնտրտուքի մեջ» և «Միգրացիոն գործընթացների համապարփակ վերլուծություն» թեմաներով։

Առաջին նիստում հանդես եկան ԵՄ պատվիրակության առևտրային հարցերով պատասխանատու Կարեն Ազարյանը, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, Էկոնոմիկայի նախարարության ԵՄ տնտեսական համագործակցության վարչության պետ Արթուր Մայսուրյանը, նույն նախարարության ԵՄ-ի հետ համագործակցության բաժնի պետ Մարիաննա Պողոսյանը, Հայաստանի արտահանման ապահովագրական պետական գործակալության ներկայացուցիչ Գրիգոր Գասպարյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ներկայացուցիչ Մերի Հովսեփյանը, «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչ Եվգենյա Հայրիյանը, ՀՊՏՀ դասախոս-գիտնականներ և այլք։

Երկրորդ նիստում հանդես եկան Ներդրումների աջակցման կենտրոնի ներկայացուցիչներ Գևորգ Բաղդասարյանը և Աննա Բարսեղյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ներկայացուցիչներ Լիլիթ Կռոյանը և Տաթևիկ Առուստամյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը, ՀՊՏՀ ՄՏՀ ամբիոնի դասախոսներ` տ.գ.դ., պրոֆեսոր Զոյա Թադևոսյանը, տ.գ.թ., դոցենտ, Տկ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը և տ.գ.թ., ասիստենտ Սուսաննա Աղաջանյանը, «Կոմպասս» կենտրոնի տնօրեն Ղարիբ Հարությունյանը և Վարշավայի համալսարանի դոկտոր Անդրանիկ Մուրադյանը։

Երրորդ նիստում հանդես եկան ԱՍՀ նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, ՀՀ ՏԿԵ նախարարության միգրացիոն ծառայության ներկայացուցիչ Մարիա Ալլահվերդյանը, Վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, ՀՊՏՀ հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Վարդան Աթոյանը, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գառնիկ Նալբանդյանը և ՀՊՏՀ ՄՏՀ ամբիոն դասախոս Տաթև Վարդանյանը։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին