ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռուբեն Հայրապետյանը. Կորյուն Աթոյանին ճանապարհեցին հոտնկայս ծափահարություններով

Դիտումների քանակ՝ 4882

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) նիստերի սրահում այսօր՝ դեկտեմբերի 20-ին, տեղի ունեցավ ռեկտորատի նիստ՝ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, որին մասնակցում էին ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմերի ներկայացուցիչներ:
Արայիկ Հարությունյանը ներկաներին տեղեկացրեց, որ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը երեկ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ քննարկվել և որոշում է կայացվել ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանին: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց Կորյուն Աթոյանին՝ նշելով, որ վերջինիս աշխատանքը հեշտ չի եղել, և մամուլի հրապարակումներն էլ վկայում են, որ անցնող տարիները եղել են բարդ բարեփոխումների տարիներ: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ կատարված աշխատանքը կարելի է տվյալ փուլի համար հաջողված համարել՝ նկատի ունենալով մասնագիտությունների խոշորացման, կադրերի երիտասարդացման և մյուս ուղղություններով փոփոխությունների սահմանված նշաձողը: Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ նախարարության համար կադրերի երիտասարդացումը կարևոր ուղղություններից է, սակայն այն ինքնանպատակ չէ: Անդրադառնալով ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ Ռուբեն Հայրապետյանը ՀՀ ամենաերիտասարդ պրոֆեսորներից է: «Տպավորված եմ նրա անցած ճանապարհով և գիտելիքներով, և սա կարելի է երիտասարդության, փորձի և գիտելիքների համադրության լավ օրինակ համարել»,-նշեց Արայիկ Հարությունյանը՝ ներկաներին հորդորելով համագործակցել բուհի նոր ղեկավարության հետ:
Անդրադառնալով ՀՊՏՀ կառավարման ամբիոնի աշխատակիցների կողմից երեկ հրապարակված բաց նամակին՝ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ պատրաստ է քննարկել հայեցակարգային, սկզբունքային հարցեր, սակայն թույլ չի տա, որ մեկ մարդ կամ մարդկանց փոքր խումբ խաթարի բուհերի աշխատանքը։ Նրա խոսքով՝ միայն համագործակցային մթնոլորտում է հնարավոր անել առավելագույնը՝ բուհական համակարգում արագ փոփոխություններ կատարելու համար: Արայիկ Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստ կլինի բուհի կառավարման խորհրդի կազմը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ այս հարցում ԿԳՆ-ի մոտեցումը բուհերի խորհուրդների ապաքաղաքականացումն է:
Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն իր երախտագիտությունը հայտնեց վստահության համար, ապա շնորհակալություն հայտնեց Կորյուն Աթոյանին՝ վերջին տարիներին կատարած մեծ աշխատանքի համար՝ նշելով, որ իր առաքելությունն է համարում նաև այդ բարեփոխումների տրամաբանական շարունակումը՝ ակնկալելով կոլեկտիվի և բոլոր գործընկերների աջակցությունը:
Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ առկա մարտահրավերներին դիմակայելու և փոփոխությունները կյանքի կոչելու համար հարկավոր է յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը ընդհանուր գործին և պատրաստ է աշխատել քննարկման ու փոխգործակցության մթնոլորտում: Ռուբեն Հայրապետյանը վստահ է, որ Տնտեսագիտական մայր բուհի զարգացումից է կախված նաև տնտեսության հետագա առաջխաղացումը, ուստի համալսարանի արագ զարգացումը հրամայական է: «Երկրում եղած փոփոխությունների համատեքստում մենք պետք է ճիշտ դիրքավորվենք և կարողանանք մեր տեղում մեր օգուտը բերել»,- ասաց նա:
 Կորյուն Աթոյանին համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց հաշվապահական հաշվառման և աուդիտ ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը՝ ընդգծելով նաև Կորյուն Աթոյանի մարդկային բարձր որակները, միաժամանակ շնորհավորեց նաև Ռուբեն Հայրապետյանին՝ նոր պաշտոնը ստանձնելու առթիվ: Գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը ևս կոլեկտիվի անունից շնորհակալություն հայտնեց Կորյուն Աթոյանին և առաջարկեց հոտնկայս ծափահարություններով ճանապարհել նրան:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին