ՀՊՏՀ-ում կներդրվի ևս մեկ նոր մագիստրոսական ծրագիր, որը կիրականացվի երկու խոշոր կառույցների հետ

Դիտումների քանակ՝ 2308

Տնտեսագիտական համալսարանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) և Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) հետ կիրականացնի մագիստրոսական կրթական ծրագիր՝ միտված աշխատաշուկայի կարիքների բավարարմանը:

Մագիստրոսական կրթական ծրագիրը կկոչվի «Հանրային ծառայությունների ոլորտի բիզնեսի կազմակերպում և կառավարում»: Այս և համագործակցային այլ հարցեր վավերացվեցին փոխըմբռնման հուշագրում, որը այսօր ՀՊՏՀ-ում ստորագրեցին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը և ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը:

Ներկաները կարևորեցին նմանօրինակ կրթական ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ աշխատաշուկայի կարիքների համար հարկավոր են որակյալ կադրեր, որոնց պատրաստումը պահանջում է թիրախավորված աշխատանք: ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության ամբիոնի ղեկավար, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը ևս կարևորեց ծրագրի իրականացումը՝ մատնանշելով, թե ինչպիսի օգտակարություն այն կարող է ունենալ հանրային ծառայությունների ոլորտի գործատուների համար:

Փոխըմբռնման հուշագրով եռակողմ համագործակցությունը մի քանի ուղղություն է ամրագրում՝ կրթության որակի բարձրացմանն ուղղված համատեղ միջոցառումների ձեռնարկում, համատեղ գիտահետազոտական նախագծերի, գիտաժողովների, սեմինարների և քննարկումների կազմակերպում և անցկացում  Հանձնաժողովի, ոլորտի ձեռնարկությունների և Միության, դրա անդամների ու ՀՊՏՀ ուսանողների ու դասախոսների միջև հանդիպումների կազմակերպում, Հանձնաժողովի և Միության աշխատակիցներին ՀՊՏՀ-ում որպես հրավիրյալ դասախոսներ ներգրավում,  հանրային ծառայությունների ոլորտի կազմակերպություններում և հանձնաժողովում ՀՊՏՀ ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական փորձառությունների կազմակերպում և այլ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին