Խնդիրը բացառապես աշխատանքի արդյունավետ կազմակերպումն է. ՀՊՏՀ խորհուրդը հաստատեց Ռուբեն Հայրապետյանի ներկայացրած նոր կառուցվածքը

Դիտումների քանակ՝ 2544

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհուրդը՝ խորհրդի նախագահ, «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանի նախագահությամբ, այսօր հրավիրեց նիստ, որի օրակարգում  «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառուցվածքը հաստատելու մասին» և «2019թ. հունվար-փետրվար ամիսների գործունեության և հետագա ծրագրերի մասին» հարցերն էին: Օրակարգային հարցերը զեկուցեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը:

Բացելով նիստը՝ խորհրդի նախագահ Վահան Մովսիսյանը նշեց, որ այսօր ներկայացվող կառուցվածքային փոփոխության մասին հարցը վերաբերում է միայն համալսարանի վարչական հատվածին, իսկ ամբիոնների և ֆակուլտետների փոփոխության հարց դրված չէ, այն հետագայում կներկայացվի լայն քննարկման:

Զեկուցելով օրակարգի  «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառուցվածքը հաստատելու մասին» հարցը՝ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ փոփոխություններ կատարելու առաջարկն ինքնանպատակ չէ, նշանակվելու պահից ի վեր ինքն ախտորոշել է համալսարանի խնդիրները, հստակեցրել համալսարանի առաքելությունը՝  առանձնացնելով 4-5 առանցքային նպատակներ (կրթական ծրագրերի արդիականացում, կարճաժամկետ դասընթացների ներդնում, հիմնարար հետազոտությունների, ինչպես նաև կիրառական հետազոտությունների իրականացում), որոնց իրագործման համար էլ կառուցվածքային փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել:  «Խոսքը վերաբերում է միայն օպերատիվ կառավարմանը և ցանկանում եմ նշել, որ այս փոփոխությունների միակ նպատակը բացառապես աշխատանքի արդյունավետ կազմակերպումն է»,- հայտարարեց Ռուբեն Հայրապետյանը:

Խորհրդի անդամները մանրամասն քննարկեցին կառուցվածքային փոփոխության մասին հարցը, ներկայացրեցին իրենց առաջարկները և մոտեցումները՝ նշելով, որ դրանք միտված են համալսարանի աշխատանքի բարելավմանը: «Ես ձեր բոլոր առաջարկներն ընդունում եմ, բայց այդ բոլորն իրականացնելու համար ինձ հարկավոր է համապատասխան կառուցվածք և աշխատանքային թիմ, որի միջոցով մենք կկարողանանք քայլ առ քայլ հասնել այդ նպատակների իրագործմանը»,- ասաց համալսարանի ղեկավարը՝ հավելելով, որ համալսարանի զարգացմանը միտված նպատակները չեն կարող արագ իրականություն դառնալ, սակայն կա այն ուղենիշը, որով այսօր նպատակ կա շարժվելու: «Մեր բոլոր ցանկությունները չեն կարող արագ իրականություն  դառնալ, բայց ես կարող եմ ասել ինչպիսի համալսարան մենք կունենանք 5 տարի հետո: 5 տարի հետո մենք կունենանք համալսարան, որտեղ չի լինելու ուսանող, որը առանց մասնագիտական գիտելիքի և կարողության ավարտելու է համալսարանը: 5 տարի հետո մենք ունենալու ենք համալսարան, որը տնտեսության մեջ որոշակի կշիռ է ունենալու և կարողանալու է հետազոտություններով սպասարկել պետության ու մասնավոր հատվածին: 5 տարի հետո մենք ունենալու ենք համալսարան, որտեղ բոլորովին այլ ակադեմիական, ուսանողական միջավայր կլինի»,- շարունակեց Ռուբեն Հայրապետյանը՝ մանրամասն ներկայացնելով համալսարանի նոր կառուցվածքը՝ այդ համատեքստում մատնանշելով զարգացման ուղղություններն ու հրատապ աշխատանքները: Քննարկման արդյունքում դուրս բերվեցին առաջարկներ, որոնց վերաբերյալ խորհուրդը հստակեցրեց իր մոտեցումները: Այնուհետև խորհուրդը, կատարելով որոշակի փոփոխություն, քվեարկությամբ հաստատեց համալսարանի նոր կառուցվածքը: Արձագանքելով խորհրդի անդամների առաջարկներին՝ Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ դրանք անպայման իրենց արտացոլումը կգտնեն հետագա աշխատանքներում, ապա շնորհակալություն հայտնեց խորհրդի անդամներին օգտակար խորհուրդների, առաջարկների ու աջակցության համար:

Ներկայացնելով օրակարգի 2-րդ հարցը, այն է՝ 2019թ. հունվար-փետրվար ամիսների գործունեության ու հետագա ծրագրերի մասին, ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ թեև 2 ամիսը բավարար չէ անգամ առկա խնդիրներին ծանոթանալու համար, այդուհանդերձ խնդիրները ախտորոշվել են, դրանց լուծման համար հստակեցվել են մոտեցումներն ու գործողությունները: Անցած երկու ամսում, Ռուբեն Հայրապետյանի խոսքով, իրականացվել են նաև մի շարք ծրագրեր, որոնց թվում՝ ուսումնական գործընթացի բարելավման համար մշակվել և հաստատվել է երկու կարգ, տրվել է կարճաժամկետ դասընթացների իրականացման մեկնարկը, միջազգային և տեղական մի շարք կազմակերպությունների հետ սկսվել է համագործակցություն և կնքվել են նոր պայմանագրեր, սկսվել է կրթական ծրագրերի բարեփոխման գործընթացը, ուսումնառության գործընթացում կատարվել են խստացումներ: Գալիք ծրագրերի շարքում մեր համալսարանի ղեկավարը նշեց, որ պատրաստվում է նոր որակի և մակարդակի հասցնել համալսարանական գիտությունը, կտրվի ուսանողական ստարտափերի մեկնարկը, կներդրվի աշխատավարձերի տարբերակման համակարգը, դասախոսների վերապատրաստման և ատեստացիայի խնդիրը, որն առանցքային է,  կլուծվի, շրջանավարտների ցանցի ճիշտ կառավարումը ուսումնական գործընթացում կունենա նշանակալի արդյունք, օրակարգում է համալսարանին կից բիզնես-ինկուբատոր հիմնելու նպատակը: Այս հարցը ևս խորհուրդը հաստատեց:

Այլ հարցերի շարքում ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահան Մովսիսյանը խորհրդին ներկայացրեց ՀՀ պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահների հետ հանդիպման մանրամասները, ապա հայտնեց, որ օրերս մասնակցել է ՀՊՏՀ գիտխորհրդի նիստին, ինչպես նաև՝ առաջիկայում պատրաստվում է հանդիպել համալսարանի ուսխորհրդին:

Այնուհետև Ռուբեն Հայրապետյանն անդրադարձավ «Տնտեսագետ» ուսանողի տան (հանրակացարան) մասին հարցին՝ ներկայացնելով, որ վարձակալի հետ կնքվել է կարճաժամկետ պայմանագիր՝ 1 տարով, իսկ ծախսը շուրջ 110 մլն դրամից իջեցվել է 43 մլն. դրամի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին