ՀՊՏՀ ներկայացուցիչները Մոլդովայում մասնակցել են «Միներվա» ծրագրի կոնսորցիումի հանդիպմանը

03.12.2021
Դիտումների քանակ՝ 1186

Դեկտեմբերի 2-ին և 3-ին Մոլդովայի Տնտեսագիտական ուսումնասիրությունների ակադեմիայում անցկացվեց «Միներվա» («Հետազոտությունների կառավարման և բաց գիտության կարողությունների հզորացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում») ծրագրի կոնսորցիումի անդամ գործընկերների հանդիպումը։ Միջոցառմանը ՀՊՏՀ-ից մասնակցեցին գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, ֆոնդահայթայթման բաժնի պետ և ծրագրի համակարգող Ներսես Գևորգյանը, ինչպես նաև ասպիրանտուրայի բաժնի պետ Եվգենյա Բազինյանը։

Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան ծրագրի համակարգող, Մոլդովայի Տնտեսագիտական ուսումնասիրությունների ակադեմիայի միջազգային գծով պրոռեկտոր Օլեսյա Սիրբուն և նույն համալսարանի պրոֆեսոր, ծրագրի մենեջեր Ռոդիկա Կրուդուն։ Այնուհետև հանդիպման մասնակիցները ներկայացրին ծրագրի շրջանակում կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները, ինչպես նաև առկա ինստիտուցիոնալ ու ազգային քաղաքականությունը բաց գիտության ոլորտում։

Միջոցառման ընթացքում ծրագրի շրջանակում ՀՊՏՀ-ի կատարած աշխատանքները և ձեռքբերված արդյունքները ներկայացրեց Ներսես Գևորգյանը։ Ընդգծելով բաց գիտության սկզբունքների կարևորությունն ու առավելությունը՝ նա վստահություն հայտնեց, որ ՀՊՏՀ-ն առաջիկայում ևս շարունակելու է հետազոտությունների կառավարման և բաց գիտության կարողությունների հզորացմանն ուղղված գործողություններ։

Մոլդովա այցի շրջանակում ՀՊՏՀ ներկայացուցիչներն ունեցան երկկողմ հանդիպումներ ծրագրի գործընկեր համալսարանների ներկայացուցիչների հետ՝ ուղղված հարաբերությունների հետագա զարգացմանն ու միջազգային համագործակցության ընդլայնմանը։

Հիշեցնենք, որ «Միներվա»-ն համաֆինանսավորվում է Եվրամիության «Էրազմուս+» ծրագրով, որը համակարգում է Մոլդովայի Տնտեսագիտական ուսումնասիրությունների ակադեմիան։ Ծրագիրը միտված է հզորացնելու Մոլդովայի և Հայաստանի բուհերի հետազոտության կառավարումը, գիտությունը դարձնելու առավել հասանելի ու մատչելի:

ՀՊՏՀ-ն ծրագրի գործընկեր է 2019 թվականից: Ծրագրի տևողությունը 3 տարի է: