Կայացավ ՀՊՏՀ գիտական խորհրդի առցանց նիստը. այն մեկնարկեց լռության րոպեով

19.11.2020
Դիտումների քանակ՝ 1600

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհուրդն այսօր անցկացրեց առցանց նիստ: Ռեկտորի պարտականությունները կատարող, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանի առաջարկով այն սկսվեց լռության րոպեով՝ ի հիշատակ համավարակով պայմանավորված կյանքից հեռացած ՀՊՏՀ մի շարք հարգարժան գիտնականների, ինչպես նաև Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված մեր հայրենակիցների:

Օրակարգի հաստատումից հետո Արմեն Գրիգորյանը հանդես եկավ «Առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի, առկա և հեռակա ուսուցման մագիստրատուրայի ուսումնառության, գիտելիքի գնահատման և վարչարարության մեխանիզմների կազմակերպման կարգերում» ժամանակավոր փոփոխություններ կատարելու մասին հարցի զեկուցմամբ՝ նշելով, որ կարգերում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են հիմնականում նոր կրթական ծրագրերի ներդրմամբ: Կարգերում առաջարկվող փոփոխությունների շարքում է նաև մինչև նոյեմբերի 20-ը բացակայությունները չհաշվառելը: Ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Մելիք-Սահակյանը ներկայացրեց ուսանողներից հնչող առաջարկն այն մասին, որ հարկավոր է կրճատել քննությունների թիվը՝ հաշվի առնելով ներկա իրավիճակում և բարոյահոգեբանական մթնոլորտում ստեղծված ուսանողների դժվարությունները: Դեկանների պարզաբանմամբ, սակայն,  քննությունների թվի կրճատումը հետագայում ուսանողների համար ավելի շատ խնդիրներ կառաջացնի տարբերությունների և կրեդիտների հաշվարկման համար: Այդուհանդերձ, ներկայացվող կարգերը հաստատվեցին, նշվեց, որ ստեղծված իրավիճակում ուսանողների նկատմամբ առկա է պրոֆեսորադասախոսական կազմի ըմբռնումը, նրանց ուսումնառության գործընթացն արդեն իսկ թեթևացվել է բացակայությունների՝ մինչև նոյեմբերի 20-ը չհաշվառելու և բակալավրիատում անհատական աշխատանքները հանելու արդյունքում:

Սիրելի ուսանողներ, նշված որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը ներկայացրեց  գիտական խորհրդի՝ 2019 թվականի սեպտեմբերի 6-ի «Գիտական խորհրդին կից գիտամեթոդական հանձնաժողով ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» N 4 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը՝ նշելով, որ փոփոխությունը պայմանավորված է ՀՊՏՀ հարգարժան գիտնականներ Աշոտ Սալնազարյանի և Վարդան Սարգսյանի ցավալի կորստով, ինչպես նաև գիտության բաժնի պետի փոփոխությամբ: Նոր կազմը հաստատվեց:

Այնուհետև Թաթուլ Մկրտչյանը զեկուցեց ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ հաստատելու մասին հարցը՝ ընդգծելով, որ հարցը երեկ քննարկվել է գիտամեթոդական հանձնաժողովում: Գիտական խորհուրդը հաստատեց 13 թեկնածուական և 1 դոկտորական ատենախոսությունների թեմաներ:

Գիտության գծով պրոռեկտորը նաև գիտխորհրդին զեկուցեց «ՀՀ Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման մոդելի մշակում» հետազոտության («Ամբերդ» հետազոտական կենտրոն) հրատարակությունը երաշխավորելու մասին հարցը: Նշենք, որ հետազոտական խմբի ղեկավարն է տ.գ.դ., պրոֆեսոր Զոյա Թադևոսյանը, հետազոտական խմբի խորհրդատուն է տ.գ.թ., դոցենտ Վահե Բուլանիկյանը, խմբում ներգրաված են տնտեսագետներ Կարեն Պետրոսյանը,  Թադևոս Ավետիսյանը, Ալբերտ Հայրապետյանը, Գայանե Սալնազարյանը, Ղարիբ Հարությունյանը, Լուսյա Գալոյանը, Ռուբեն Ղանթարչյանը, Արմեն Մարկոսյանը, Լիանա Իսայանը, Համլետ Մկրտչյանը: Գրախոսներն են տ.գ.դ., պրոֆեսորներ Հայկ Մնացականյանը և Տիգրան Մարտիրոսյանը, մասնագետ խմբագիրը՝  տ.գ.դ., պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանը: Հետազոտության հրատարակությունը գիտխորհուրդը երաշխավորեց:

Ընթացիկ հարցերի շարքում փոփոխություն կատարվեց գիտական խորհրդի աշխատակարգում, ընդգծվեց, որ նիստերը կարող են անցկացվել նաև առցանց կամ հարցման կարգով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարկայնության հետ կապերի բաժին