ՀՊՏՀ-ում մեկնարկել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացը
ՀՊՏՀ-ում փետրվարի 3-ին մեկնարկել է տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ FAST հիմնադրամի (Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ) դասընթացը: Վեց ամիս շարունակ դասերը կանցկացվեն ՀՊՏՀ-ում:
Ինտենսիվ նախապատրաստական դասընթացի նպատակն է նախազորակոչային տարիքի երիտասարդներին տրամադրել լրացուցիչ գիտելիքներ՝ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որպեսզի նրանք պատրաստ լինեն հետագայում ծառայության անցնելու «1991 ստորաբաժանում»-ում։
asue.am-ի հետ զրույցում FAST հիմնադրամի ավագ գիտաշխատող, տվյալագետ, նշված դասընթացի համակարգող Դավիթ Ղազարյանն ասաց, որ դասընթացին մասնակցում են 46 երիտասարդներ՝ հայաստանյան տարբեր ուսումնական հաստատություններից:
«Դասընթացը տևելու է 6 ամիս, 3 ամիսը դասավանդվելու են «Մաթեմատիկա» և «Ծրագրավորում» առարկաները, 3 ամիսը՝ «Մեքենայական ուսուցում»: Դասավանդելու են ինչպես հիմնադրամի մասնագետներ, այնպես էլ հրավիրված դասախոսներ»,-ասաց Դավիթ Ղազարյանը:
Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ում հունվարի 14-ին կայացել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացի թեստավորման փուլը, որին մասնակցության հայտ էին ներկայացրել ամառային զորակոչի ենթակա 17-23 տարեկան 400 երիտասարդներ:
Դասընթացի մասնակիցներին հաջողություն ենք մաղթում:
Հավելենք, որ FAST հիմնադրամը ՀՊՏՀ գործընկերն է:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին