Կայացավ ՀՊՏՀ ռեկտորատի հերթական նիստը

Դիտումների քանակ՝ 1593

Այսօր կայացավ ՀՊՏՀ ռեկտորատի հերթական նիստը՝ օրակարգային մեկ հարցով՝ «Առավելագույնը 12 կրեդիտ կազմող ակադեմիական պարտքեր ունեցող ուսանողների՝ 2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակի վերահանձնումների արդյունքների մասին»:

Մինչ օրակարգային հարցի քննարկումը ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը նշեց, որ նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակի համատեքստում մեր համալսարանում սկսվել է համալսարանական տարածքի՝ լսարանների, աշխատասենյակների և մյուս վայրերի ախտահանման գործընթաց, ձեռք են բերվել անհրաժեշտ նյութեր: ՀՊՏՀ-ում փակցվել են կորոնավիրուսի կանխարգելման ու հիգիենայի պահպանման անհրաժեշտ քայլերը ներկայացնող տեղեկատվական պաստառներ:

Բուհի ղեկավարը ՀՊՏՀ աշխատակիցներին և ուսանողներին հորդորեց իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու համար հետևել պետական մարմինների հայտարարություններին, ինչպես նաև ՀՊՏՀ պաշտոնական կայքին (asue.am) և ֆեյսբուքյան էջին, որտեղ օպերատիվ ձևով ներկայացվում է անհրաժեշտ տեղեկատվությունը:

Այնուհետև դեկանները զեկուցեցին օրակարգային հարցը, համաձայն որի՝ հեռացման է ենթակա 38 ուսանող:

Անդրադարձ արվեց ընթացիկ այլ հարցերի ևս, որոնց շարքում՝ ՀՊՏՀ ղեկավարին ուղղված ուսանողների դիմումներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին