ՀՊՏՀ-ում կայացավ հանրային քննարկում` «Ամբերդ» կենտրոնի հետազոտական թեմաների ընտրության շուրջ

Դիտումների քանակ՝ 1838

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը դիմել է ՀՀ նախարարություններին և դրանց ենթակա կազմակերպություններին՝ պետության համար կարևոր նշանակության թեմաներով հետազոտություններ կատարելու պատվերներ ստանալու նպատակով: Արդյունքում ստացվել են երկու տասնյակից ավելի թեմաների առաջարկություններ, որոնցից ընտրություն կատարելու և դրանց շուրջ խորհրդակցելու համար կենտրոնն այսօր ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանրային քննարկման ձևաչափով հանդիպում անցկացրեց:

Հանդիպմանը ներկա հետազոտողներին և դասախոսներին, ողջունեցին գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, «Ամբերդ» կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը: Պրոռեկտորն ընդգծեց, որ նախարարություններին և գերատեսչություններին դիմելու նպատակը «Ամբերդի» գործունեությունը առավել թիրախային և հանրօգուտ դարձնելն է:

Դավիթ Հախվերդյանը, նախքան թեմաների ներկայացումը, նշեց, որ որոշ նախարարությունների կողմից ստացվել է նույնիսկ մի քանի թեմայի պատվեր, և դրանցից կընտրվեն առավել նպատակահարմարները:

Առավել լայն քննարկման արժանացան տնտեսությունն անմիջականորեն վերահսկող և սպասարկող նախարարությունների ու գերատեսչությունների՝ ֆինանսների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, գյուղատնտեսության նախարարությունների, ՏՄՊՊՀ և այլ կառույցների առաջադրած թեմաները: Ուշադրության կենտրոնում էր նաև ԿԳՄՍՆ-ի թեման՝ «Կրթական հաստատությունների ֆինանսավորման արդյունավետության բարձրացում»:

Թեմաների ներկայացումից հետո պրոֆեսորադասախոսական կազմի անդամները ներկայացրին իրենց դիտարկումներն ու առաջարկությունները:

Բոլոր թեմաները կընտրվեն «Ամբերդ» կենտրոնի փորձագիտական խորհրդի քննարկման արդյունքում՝ նկատի առնելով դասախոսների առաջարկությունները:

Թեմաների վերջնական ընտրության մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին