Տնտեսագիտական համալսարանն ընդգրկվել է միջազգային հերթական ծրագրում

Դիտումների քանակ՝ 2090

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ներգրավվել է միջազգային հերթական նախագծում՝ դառնալով «Էրազմուս+»-ի «Հետազոտությունների կառավարման և բաց գիտության կարողությունների հզորացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում (Minerva) 2019-2022» ծրագրի մասնակից:

Ծրագիրը ներառում է հետազոտական ոլորտում տեխնիկական և բովանդակային ենթակառուցվածքների ստեղծում և հզորացում, գրագողության և ակադեմիական էթիկայի խախտումների դեմ պայքարի ծրագրի ներդրում, հետազոտությունների բազայի ստեղծում և ներդրում: Ծրագիրն իրականացվում է Մոլդովայում և Հայաստանում, հայաստանյան մասնակիցներն են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ինչպես նաև Երևանի պետական, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական և Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանները:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանի աշխատասենյակում տեղի ունեցավ ծրագրի մեկնարկային հանդիպումը, որին մասնակցում էին ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Տիգրան Մնացականյանը, վարչատնտեսական և կազմակերպական դեպարտամենտի տնօրեն Արամ Հովհաննիսյանը, որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը:

Հանդիպմանը քննարկվեցին ծրագրի իրականացման բովանդակությանը և կազմակերպական խնդիրներին վերաբերող հարցեր: Առաջադրելով մի շարք կարևոր հարցեր՝ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն ընդգծեց, որ ՀՊՏՀ-ում վերապատրաստումների, տեխնիկական աջակցության միջոցով օգնություն է ցուցաբերվելու գիտնականներին ու հետազոտողներին, և ուրախալի է, որ այս նպատակի իրագործմանը կնպաստի նաև սույն միջազգային ծրագիրը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին