Եվրոպական բուհերում վերապատրաստված դասախոսները՝ նոր առաջարկություններով. քննարկվում է դասընթացների բարեփոխված ծրագրերի ներդրման հարցը

Դիտումների քանակ՝ 2000

Հունվար-փետրվար ամիսներին ՀՊՏՀ ֆինանսներ ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Էդգար Աղաբեկյանը, տ.գ.թ., ասիստենտներ, Մարե Խաչատրյանը և Սրբուհի Իսրայելյանը «Էրազմուս+» ՀԳ2 «Ֆինանսների մագիստրոսական ծրագրերի բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում» (ՐԻՖԱՅՆ) ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են համապատասխանաբար Վիեննայի կիրառական գիտությունների, Նիցայի (Ֆրանսիա) Սոֆիա Անտիպոլիս, Կոշիցեի տեխնիկական  համալսարաններում: Այսօր նրանք դասախոսներին և ֆինանսական ֆակուլտետի ուսանողներին  ներկայացրեցին վերապատրաստման արդյունքները, մասնավորապես հանգամանորեն անդրադառնալով իրենց մշակած մագիստրոսական առարկայական ծրագրերին (որոնք հիմնականում դասավանդվող առարկաների բարեփոխված տարբերակներն էին): Մասնակցում էին ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, ֆինանսներ ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանը, մագիստրատուրայում դասավանդող դասախոսներ ու մագիստրանտներ:

Առաջին ելույթը Սրբուհի Իսրայելյանինն էր՝ «Կորպորատիվ ֆինանսների ժամանակակից հիմնախնդիրները» առարկայի բարեփոխումների վերաբերյալ:

Հաջորդիվ Էդգար Աղաբեկյանը ունկնդիրների ուշադրությունը հրավիրեց «Ներդրումների վերլուծություն և փաթեթի կառավարում», Մարե Խաչատրյանը՝ «Համակարգչային հմտությունները ֆինանսական պլանավորման մեջ» առարկաների նորացված տարբերակների վրա: Ընդհանուր առմամբ, երիտասարդ դասախոսները այս առարկաներում, վերոնշյալ համալսարանների փորձագետների աջակցությամբ, նոր, ժամանակակից կրթությանը համահունչ բաղադրիչներ են ավելացրել և ըստ էության, մշակել նոր առարկայական ծրագրեր, որոնց էությունը (ուսուցում, գնահատում, վերջնարդյունք) պարզաբանելու նպատակով էլ կազմակերպվել էր այսօրվա հանդիպումը: Այսպիսով, առաջարկվող մոդելի համաձայն, մեկ դասաժամում պետք է ներառվեն տեսական ու գործնական բաղադրիչները, թիմային աշխատանքը, քննարկում-բանավեճը: Ինչպես նշեցին բանախոսները՝ նոր առարկաների մշակման հիմքում նաև աշխատաշուկայի պահանջներն են, այսինքն՝ ուսուցման վերջնարդյունքում  ակնկալվում է, որ ուսանողը զինված լինի  գործնական և տեսական գիտելիքով, համապատասխան հմտություններով: ՀՊՏՀ երիտասարդ գիտնականները նշված մշակումների համար տևական ժամանակ ուսումնասիրել են եվրոպական լավագույն համալսարանների փորձը:

Զեկուցումներից հետո կարծիքներ ու առաջարկություններ հնչեցրին թե´ դասախոսները, թե´ ուսանողները:

Պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը հավանություն տվեց այն մոտեցմանը, որ ըստ առաջարկվող փոփոխություններից մեկի, ուսանողը պետք է լսարան մտնի դասի թեմային որոշակիորեն ծանոթ, որպեսզի կարողանա մասնակցել քննարկումներին, դասի ընթացքում համագործակցելով դասախոսի հետ:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Աշոտ Սալնազարյանն ասաց, որ ակնկալվում է սույն առարկայական ծրագրերով ուսուցումը կազմակերպել նոր ուսումնական տարվանից (ի դեպ, առաջիկայում ծրագրերի վերջնական տարբերակները պետք է ներկայացվեն եվրոպական համալսարանների փորձագետներին): Նա շնորհակալություն հայտնեց ՐԻՖԱՅՆ ծրագրի կազմակերպիչներին՝ դասախոսներին կատարելագործվելու հնարավորություն ընձեռելու համար, ապա դասախոսներին՝ բովանդակալից ելույթների համար:

Նշենք, որ նույն ժամանակահատվածում այս ծրագրով ՀՊՏՀ-ից վերապատրաստվել է նաև բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Գայանե Հարությունյանը:

ՐԻՖԱՅՆ ծրագրի մասին, որը ՀՊՏՀ-ում համակարգում է արտաքին կապերի բաժինը,  մանրամասներ կարող եք գտնել ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» խորագրի ներքո:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին