Մակրոտնտեսական վերլուծություն մասնագիտության մագիստրանտները ուսումնական այց են կատարել Հայաստանի ֆոնդային բորսա

Դիտումների քանակ՝ 2849

Մակրոտնտեսական վերլուծություն մասնագիտացման մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները, մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ մարտի 4-ին ուսումնական այցելություն են կատարել Հայաստանի ֆոնդային բորսա, մասնակցել բաց սեմինարի:

«Մագիստրոսական կրթական ծրագրի մաս կազմող «Ներդրումային քաղաքականություն» դասընթացի շրջանակներում ստացած գիտելիքները գործնական հմտություններով և կարողություններով հարստացնելու, մակրոտնտեսական հիմնական շուկաներից մեկի՝ ֆինանսական շուկայի և ֆինանսական ինստիտուտների գործունեության առանձնահատկություններին տեղում ծանոթանալու համար դիմել էինք Հայաստանի ֆոնդային բորսայի աշխատակազմին: Բորսայում սիրով համաձայնեցին ՀՊՏՀ ուսանողներին տրամադրել բարձրակարգ մասնագետ և ուսումնական նյութեր: Սեմինարը բազմաբովանդակ էր և հագեցած տեղեկատվությամբ, այն վարեց բորսայի ցուցակման բաժնի ղեկավար Հասմիկ Սալնազարյանը, ով ի դեպ, ՀՊՏՀ շրջանավարտ է: Ուսանողներին հետաքրքրող գործնական բնույթի մի շարք հարցերի նա տվեց հանգամանալից և սպառիչ պատասխաններ»,- այցի մասին մանրամասներ հաղորդեց Կարեն Գրիգորյանը և հավելեց, որ ուսանողների համար ՀՀ-ում գործող կազմակերպություններում նմանատիպ սեմինարները և ուսումնական այցելությունները մակրոէկոնոմիկայի ամբիոնը փորձում է դարձնել պարբերական:

Մակրոէկոնոմիկայի ամբիոնը շնորհակալություն է հայտնում Հայաստանի ֆոնդային բորսայի ղեկավարությանը՝ պատրաստակամության և անձամբ Հասմիկ Սալնազարյանին՝ բարձրորակ սեմինարի անցկացման համար:

Ի լրումն այցի՝ ամբիոնից հիշեցնում են՝ Հայաստանի ֆոնդային բորսան գործող միակ ֆոնդային բորսան է, որի կազմում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան (ՀԿԴ)։ Վերջինս ՀՀ արժեթղթերի շուկայի ձևավորման առաջին իսկ փուլում ստեղծված ինստիտուտներից մեկն է: 2009թ.-ից ՀԿԴ բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը Հայաստանի ֆոնդային բորսան է: ՀԿԴ-ի գործունեությունը կարգավորող և վերահսկող մարմինը ՀՀ Կենտրոնական բանկն է:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին