ՀՊՏՀ ՈւԳԸ 39-րդ նստաշրջանի հաղթողները պարգևատրվեցին

Դիտումների քանակ՝ 2216

Դեպի գիտություն առաջին հաստատուն քայլերն արված են. ՀՊՏՀ ուսանողական գիտական ընկերության 39-րդ նստաշրջանի հաղթողներն ու մասնակիցներն այսօր եկել էին համալսարանի ղեկավարության հետ հանդիպելու և ստանալու իրենց պատվոգրերն ու մրցանակները: ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը, ռեկտորի խորհրդական Լիլիթ Դադայանը և ՈւԳԸ ֆակուլտետային պատասխանատուները կրկին ողջունեցին ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչներին, ովքեր գիտության մեջ իրենց խոսքն ասելու փորձն են կատարել:

Դիանա Գալոյանը ողջունեց ուսանողների հետաքրքրությունը գիտության հանդեպ ու նշեց, որ այս նստաշրջանում, ինչպես գնահատող հանձնաժողովն է հավաստիացրել, եղել են գիտական բարձր որակի աշխատանքներ, ինչը խոստումնալից է: Միաժամանակ, բուհի ղեկավարը նշեց, որ գիտական ներուժ ունեցող ուսանողները կարող են մեծ դերակատարում ունենալ համալսարանականներին ոգևորելու, նրանց ներգրավվածությունը համալսարանական իրադարձություններին բարձրացնելու գործում: «Հուսով եմ` ձեզ կտեսնեմ նաև ասպիրանտի կարգավիճակում»,-ՈւԳԸ-ականներին ուղղված Դիանա Գալոյանի ամփոփիչ խոսքը նրանց համար պարտավորեցնող ու ոգևորող էր:

Բակալավրիատի մրցանակակիրներին՝ 1-3-րդ տեղերը զբաղեցրած Հայկ Քալանթարյանին, Անդրանիկ Մարգարյանին, Թամար Ղազարյանին (3-րդ տեղ), Տաճատ Պապոյանին (3-րդ տեղ) պարգևատրեց Դիանա Գալոյանը:

Մագիստրանտներին (1-2-րդ տեղեր)՝ Քրիստինե Թաթոսյանին և Վահրամ Ասատրյանին մրցանակներ հանձնեց պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, իսկ նստաշրջանի բոլոր մասնակից ուսանողներին հավաստագրեր հանձնեց Դավիթ Հախվերդյանը:

Նշենք, որ 1-ին տեղը զբաղեցրած ուսանողները ստացան 50 հազար դրամ, 2-րդը՝ 30 հազար, 3-րդը՝ 20 հազար դրամ:

«Ժյուրիի համակրանք» հատուկ մրցանակի արժանացած 1-ին կուրսեցիներ Ալլա Հարությունյանը և Շողեր Գալստյանը կազմակերպիչների կողմից գրքեր ստացան:

Հանդիպման ավարտին բուհի ղեկավարությունը ՈւԳԸ-ականներին հորդորեց վառ պահել գիտությամբ զբաղվելու ցանկությունը:

ՈւԳԸ նստաշրջանի ամփոփման մասին հունվարի 31-ի մեր հրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Շնորհավորում ենք մեր ուսանողներին և մաղթում գիտական նոր ձեռքբերումներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին