ՏՄՊՊՀ-ն և «Ամբերդ» հետազոտական կենտրոնը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

Դիտումների քանակ՝ 2184

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանին և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանին:

Ինչպես հայտնում են ՏՄՊՊՀ-ից, քննարկվել են տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը, մասնավորապես հանձնաժողովի աշխատանքներում տեղական գիտական ներուժի օգտագործումը, ինչպես նաև բուհից աշխատաշուկա անցումն ավելի սահուն դարձնելուն միտված համատեղ քայլերի ձեռնարկումը:

Գեղամ Գևորգյանը իր խոսքում նշել է, որ «Ամբերդ» կենտրոնի հետ համագործակցության հաջողված փորձ ունեն՝ հիշատակելով նախորդ տարի կարագի շուկայի ուսումնասիրության ժամանակ կենտրոնի տրամադրած վերլուծությունը, որն անչափ օգտակար եղավ, և հույս հայտնելով, որ հետագայում այդ համագործակցությունը կշարունակի ընդլայնվել և խորանալ: Մասնավորապես առաջարկել է այս տարի նույնպես համագործակցել ապրանքային շուկաներում կատարվող ուսումնասիրությունների շրջանակում՝ ընտրելով հինգ շուկաներից որևէ մեկը:

Թաթուլ Մկրտչյանը ներկայացրել է ՀՊՏՀ գիտահետազոտական գործունեությունն ու մատնանշել այդ ոլորտում փոխգործակցության հնարավորությունները: «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանն իր հերթին կարևորել է պետական մարմինների հետ փոխշահավետ համագործակցությունը, որը դրական արդյունքներ է արձանագրում: