Ժպիտով ու դիմակով՝ դեպի կյանքի նոր շրջափուլ. դիպլոմներ են ստանում ՀՊՏՀ «արտակարգ» շրջանավարտները

Դիտումների քանակ՝ 2395

Տևական դադարից հետո Տնտեսագիտականի բակում այսօր  կրկին ուսանողական աշխուժություն էր: Ավարտական վկայականներ (դիպլոմներ) ստացան «արտակարգ»  ուսումնական տարվա շրջանավարտները:

ՀՊՏՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի տրամադրած տվյալների համաձայն՝  2019-2020  ուսումնական տարում ՀՊՏՀ-ն ունի 1419  շրջանավարտ,  թվային պատկերը հետևյալն է՝ առկա բակալավրիատում 787, այդ թվում՝ 133-ը գերազանցությամբ (Կարմիր դիպլոմով), հեռակա բակալավրիատում՝ 358, այդ թվում՝ 8-ը գերազանցությամբ, առկա մագիստրատուրայում՝ 274, այդ թվում՝ 159 գերազանցությամբ:  Հավելենք, որ 2019-2020 ուսումնական տարում՝ դեկտեմբերին, մեր համալսարանն ունեցավ նաև հեռակա մագիստրատուրայի 185 շրջանավարտ, որից 11-ը՝ գերազանցության դիպլոմով :

Այսօր, խստագույնս պահպանելով անվտանգության կանոնները, հաջորդաբար հանձնվեցին 4՝ կառավարման, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների, ինֆորմատիկայի և վիճակագրության  ֆակուլտետների շրջանավարտների ավարտական վկայականները: Նորավարտներին դիմավորեցին ֆակուլտետների դեկանները, փոխդեկանները, ՀՊՏՀ ուսանողական խորհրդի անդամներն ու դեկանատի աշխատակիցները: Ըստ էության, ամենամյա ավարտահանդեսը չկայացավ, սակայն բակում տոնական տրամադրությունն ապահովված էր:

Առավոտյան ժամը 10.00-13.00-ն  բակում էին ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի շրջանավարտներն էին: Նրանց դիպլոմները հանձնեցին կառավարման ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը, դեկանի տեղակալ Վարդան Վլասյանը, դեկանատի աշխատակիցները, ուսխորհրդականներ՝ ուսխորհրդի նախագահ Գոռ Մելիք-Սահակյանի գլխավորությամբ, ովքեր դիպլոմները հանձնելիս բարեմաղթանքներ էին հղում կյանքի նոր փուլ մտնող ՀՊՏՀ սաներին:

asue.am-ը այսօր շրջանավարտներրի կողքին էր, զրուցել է նրանց հետ, արձանագրել կարևոր օրվա լավագույն ակնթարթները:

Մեզ հետ զրույցում «Կառավարում» մասնագիտության գերազանցիկ շրջանավարտ Մերի Ստեփանյանը հետադարձ հայացքով արժևորեց իր  ուսումնառությունը. «4 տարիների ընթացքում ՀՊՏՀ-ում, շնորհիվ մեր պրոֆեսիոնալ դասախոսների, ձեռք եմ բերել հիմնարար գիտելիքներ ու անփոխարինելի ընկերներ: Արդեն անվճար ընդունվել եմ ՀՊՏՀ մագիստրատուրա՝ «ՏՏ-ն բիզնեսում մասնագիտացմամբ»: Թեև մենք նախորդ տարիների շրջանավարտների պես հանդիսավոր պայմաններում չենք ստանում մեր դիպլոմները, բայց դա մեզ չի խանգարում վայելել այս պահը: Անկախ ամեն ինչից՝ այսօր մեր տոնն է»:

Նույն ֆակուլտետից Հրաչյա Ասատրյանը նշեց, որ կառավարչի դիպլոմը իր առաջ նոր հորիզոններ է բացում, նա արդեն աշխատում է «Դիջիթեյն» ընկերությունում և մենեջմենթից զատ, հետաքրքրված է նաև ՏՏ ոլորտով:

Հաջորդիվ՝ ժամը 15.00-17.00-ն դիպլոմներ ստացան մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի շրջանավարտները: Ֆակուլտետի դեկան Նարեկ Կեսոյանը, դեկանի տեղակալ Արա Մկրտչյանը և մի խումբ ուսխորհրդականներ հանձնեցին դիպլոմները:

Զրուցեցինք ֆակուլտետի գերազանցիկ շրջանավարտ Էլյա Խաչատրյանի հետ, ով  նոր կյանք է մտնում մեծ նպատակներով ու արդեն ընդունվել է ՀՊՏՀ մագիստրատուրա:

Նշանակալից օրն ամփոփվեց ՏԿ և ՄՏՀ, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետների շրջանավարտների դիպլոմների հանձնումով: Ներկա էին երկու ֆակուլտետների դեկաններ Գրիգոր Նազարյանը, Սոս Խաչիկյանը, վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը և դեկանատի աշխատակիցներ:

«Տնտեսագիտություն» մասնագիտության շրջանավարտ Արման Թադևոսյանը մեզ հետ զրույցում կարևոր շեշտադրում կատարեց. «Բակալավրիատի դիպլոմը տնտեսագետ կոչվելու համար քիչ է, պետք է աշխատել, շարունակել կրթությունը: Պետք է նշել նաև, որ «Տնտեսագիտություն» մասնագիտությունը բավականին լայն հնարավորություններ է ընձեռում. կարող ենք աշխատել տնտեսական մի շարք ոլորտներում: Վստահ եմ՝ իմ մասնագիտությամբ աշխատանք եմ գտնելու»: Արմանն արդեն ընդունվել է «Մակրոտնտեսագիտություն» մասնագիտացմամբ անվճար մագիստրատուրա:

«Վիճակագրություն» մասնագիտության շրջանավարտ Մարիամ Գաբրիելյանը մեզ ասաց, որ ՀՊՏՀ-ից գոհ է հեռանում և անպայման՝ վերադառնալու խոստումով: Գալիք ուսումնական տարում նա չի շարունակի կրթությունը, կաշխատի, և մեկ տարի դադարից հետո կվերադառնա հարազատ բուհի մագիստրատուրայում ուսումը շարունակելու:

Ահա այսպիսի լավատեսական տրամադրություններով էլ ամփոփվեց «արտակարգ» ավարտահանդեսի 1-ին մասը. վաղը, նույն ժամին նույն տեղում կհանձնվեն հաշվապահական հաշվառման և աուդիտի և ֆինանսական ֆակուլտետների շրջանավարտների դիպլոմները:

Սիրելի´ ՀՊՏՀ-ականներ, մեր արտակարգ շրջանավարտներ, ՀՊՏՀ ողջ կոլեկտիվի անունից ընդունեք արտակարգ ջերմ շնորհավորանքներ, Ձեզ բարի´, բարի´ երթ:

Լուսանկարային շարքը կարող եք տեսնել ՀՊՏՀ ֆեյսբուքյան ալբոմում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին