Աշխատանքային այց Բելգիա և արդյունքների շնորհանդես ՀՊՏՀ-ում. մեր համալսարանը՝ «Միներվա» ծրագրի մասնակից է

Դիտումների քանակ՝ 2291

ՀՊՏՀ-ն անդամակցում է ԵՄ «Էրազմուս+» ՀԳ2 նախագծի «Հետազոտությունների կառավարման և բաց գիտության կարողությունների հզորացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում (Minerva)» ծրագրին, որի շրջանակում ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը և մեր բուհում «Միներվա» (Minerva) ծրագրի համակարգող, որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը հոկտեմբերի 21-25-ը աշխատանքային այցով եղել են Լիեժի համալսարանում (Բելգիա)։ Գործուղման ընթացքում քննարկվել է գիտահետազոտական աշխատանքների ոլորտի ռազմավարության մշակումը, որը պետք է հիմնված լինի հետազոտողների մարդկային ռեսուրսի կառավարման եվրոպական խարտիայի սկզբունքների վրա։

Բելգիայից վերադառնալուց հետո Թաթուլ Մկրտչյանն ու Ներսես Գևորգյանը ՀՊՏՀ աշխատակիցների համար երեկ հանդիպում կազմակերպեցին, որտեղ ներկայացրին ծրագրի հիմնական նպատակները, ՀՊՏՀ անելիքները, համապատասխան ստորաբաժանումներին ծրագրում ներգրավելու մեխանիզմները, ակնկալվող վերջնարդյունքը: Ներկա էին «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը, հետազոտողները, ասպիրանտուրայի բաժնի պետ Եվգենյա Բազինյանը, գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, աշխատակիցներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Թաթուլ Մկրտչյանը ողջույնի խոսքից հետո ընդգծեց, որ ծրագրում ներգրավվածությունը ՀՊՏՀ-ի՝ որպես հետազոտական համալսարանի կարողությունները զարգացնելու, եվրոպական գիտահետազոտական հարթակին ինտեգրվելու, գիտությունը զարգացնելու հրաշալի հնարավորություն է:

Ներսես Գևորգյանը առանձին-առանձին քննարկեց ծրագրի աշխատանքային փաթեթները (ծրագրի կառավարում, տարածում, որակի ապահովում և այլն) և պարզաբանեց՝ յուրաքանչյուրի ուղղությամբ ինչպիսի աշխատանք է սպասվում: Շեշտելով ծրագրի գերնպատակը, այն է՝ համալսարաններում ստեղծել միջավայր բաց գիտության հիմնարար սկզբունքների իրականացման համար, զեկուցողները վստահեցրին՝ ջանադիր աշխատանքի շնորհիվ ՀՊՏՀ-ն առաջիկայում էականորեն աճ կարձանագրի որպես հետազոտական համալսարան, կընդլայնվեն բուհի միջազգայնացման հնարավորությունները, գիտական աշխատանքների նկատմամբ պահանջները կխստացվեն:

Քննարկման ավարտին բանախոսները պատասխանեցին մասնակիցների հարցերին:

Հիշեցնենք, որ «Միներվա»-ն ներառում է հետազոտական ոլորտում տեխնիկական և բովանդակային ենթակառուցվածքների ստեղծում և հզորացում, գրագողության և ակադեմիական էթիկայի խախտումների դեմ պայքարի ծրագրի ներդրում, հետազոտությունների բազայի ստեղծում և ներդրում։ Ծրագիրն իրականացվում է Մոլդովայում և Հայաստանում, հայաստանյան մասնակիցներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայաստանի պետական տնտեսագիտական, Երևանի պետական, Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական և Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանները։ Ծրագիրը համակարգում է Մոլդովայի տնտեսական հետազոտությունների ակադեմիան:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին