Քննարկում գիտելիքահեն տնտեսություն–կրթություն թեմայով
«Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստան»–ը հրավիրում է մասնակցելու «Գիտելիքահեն տնտեսությունը և բարձրագույն կրթության բարեփոխումները» խորագրով քննարկմանը, որն անդրադառնալու է քաղաքականության հիմնախնդիրներին: Այն ԲՀՀ-Հայաստանի քաղաքականության հետազոտությունների ծրագրի շրջանակներում կազմակերպվող երկրորդ քննարկումն է: Քննարկումն անդրադառնալու է տնտեսության կատարողականի մեջ տեղեկատվության և ուսումնառության նշանակությանը, աշխատաշուկայի պահանջների և կրթական հաստատությունների միջև առկա անջրպետին, շրջանավարտների զբաղվածության կազմակերպման խնդիրներին և որակի երաշխավորման համակարգերին: Հետազոտողները` Աննա Փոխսրարյանը, Լիլիթ Շաքարյանը, Արևիկ Անափիոսյանը և Նվարդ Մանասյանը, համապարփակ կերպով ներկայացնելու են բարձրագույն կրթության համակարգի վերակառուցման գործընթացը և Հայաստանում գիտելիքահեն տնտեսության ձևավորման մարտահրավերները` առաջարկություններ ներկայացնելով քաղաքականությունների վերաբերյալ` հիմնվելով իրենց հետազոտությունների արդյունքների վրա: Քննարկումը վարելու է լրատվամիջոցների փորձագետ, ԱՄՆ դեսպանատան կողմից շնորհվող, «Խիզախ կին» 2012 թվականի դափնեկիր Ծովինար Նազարյանը:
Հրավիրվածների թվում լինելու են ՀՀ կառավարության, ազգային և միջազգային կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքականություն հետազոտողներ և գիտնականներ: Ի գիտություն` կից ներկայացվում են քաղաքականության ամփոփագրերը:
Հանրային քննարկումը տեղի կունենա հինգշաբթի, 2012 թվականի նոյեմբերի 29-ին, ժ.17:00-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի Ալեքս և Մարի Մանուկյանների անվան դահլիճում, Բաղրամյան 40 հասցեում: Աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը` համաժամանակյա թարգմանությամբ:
Մասնակցությունը հաստատելու համար հարկավոր է մինչև նոյեմբերի 26-ը կապվել ԲՀՀ-Հայաստանի Քաղաքականության հետազոտությունների ծրագրի համակարգող Աննա Քալաշյանի հետ (հեռախոսներ՝ 53-38-62 կամ 53-67-58):