ՃԵ անվտանգության ապահովման տասնամյակ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ՀՀ կրթության և գիտության նախարարությունից ստացել է գրություն, որով տեղեկացվում է, որ Համաշխարհային եվրոպական կազմակերպությունը հայտարարել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման տասնամյակ 2011-2020 թթ.»: Այս նախաձեռնության շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարի 16.06.2012 թ. N 1163-Ա հրամանով ստեղծվել է ժամանակավոր միջգերատեսչական հանձնաժողով` ՀՀ ոստիկանության, ՀՀ տրանսպորտի և կապի, կրթության և գիտության, առողջապահության նախարարությունների, ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի, ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի», «Հասարակական առողջության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների ներգրավմամբ, որոնք մշակել և ստեղծել են հանրային նշանակության պաստառներ և տարբերանշաններ: Սույն գրությամբ հանրակրթական, միջին և բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող մյուս հաստատություններին առաջարկվում է տեղայնացնել և տարածել «Փրկե’նք միլիոնավոր կյանքեր» խորագրով տեղեկատվական թերթիկները, որոնցում շարադրված են ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական տվյալներ, կանխատեսումներ, կանխարգելման միջոցառումներ:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման տասնամյակի պլանը ստեղծվել է` ուղղորդելու ջանքերը ազգային և տեղային մակարդակներում: Եթե Գլոբալ պլանը իրագործվի, ապա Տասնամյակը կհասնի իր նպատակին, որն է ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացության կանխատեսված թվի հաստատուն դարձնելը և հետագայում նվազեցնելը:
«Այս հավակնոտ թիրախին հասնելու դեպքում, ընդհանուր առմամբ, Տասնամյակի ընթացքում կփրկվի 5 միլիոն մարդու կյանք, կկանխվի 50 միլիոն լուրջ վնասվածք և կխնայվի 50 տրիլիոն ԱՄՆ դոլար»,– մասնավորապես ասված է տեղեկատվական թերթիկում:
Տեղեկացնենք, որ թերթիկների բովանդակությանը կարող եք մանրամասնորեն ծանոթանալ համալսարանի կենտրոնական մասնաշենքի երրորդ հարկում տեղակայված ցուցափեղկից: