Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակային ծրագիր
Լեհ-ամերիկյան Ազատության հիմնադրամը և լեհ-ամերիկյան Ֆուլբրայթի հանձնաժողովը հայտարարում են հերթական բաց մրցույթը Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ղրղզստանի հավակնորդների համար` 2012-2013 ուսումնական տարում Լեհաստանում Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակ ստանալու համար:
Ծրագիրը ներառում է լեհական բուհերում երկու կիսամյակ տևողությամբ ուսումնառություն և 2-4 շաբաթ աշխատանքային փորձառություն պետական կամ մասնավոր հիմնարկություններում:
2012-2013թթ. Կիրկլանդի ծրագրի հայտարարած մրցույթին մասնակցության հայտ կարող են ներկայացնել տնտեսագիտություն և կառավարում (մենեջմենթ), ադմինիստրացիա/ կառավարում (բիզնես, ՀԿ, մշակույթ, բնապահպանություն, առողջապահություն), հանրային կառավարում (պետական կառավարում և ինքնավարություն), իրավագիտություն, հասարակագիտական առարկաներ (սոցիալական հոգեբանություն, սոցիոլոգիա), քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ, զարգացման քաղաքականություն և մարդասիրական օգնություն մասնագիտություններ ունեցող փորձագետների, քաղաքական գործիչների, պետական և ինքնավար հաստատությունների աշխատակիցների, ձեռնարկատերերի, կառավարիչների (մենեջերներ), հասարակական կազմակերպությունների առաջնորդների, մշակույթի և հասարարակական գործիչների, բուհերի դասախոսների, լրագրողների մասնագիտական խմբերի ներկայացուցիչները:
Կրթաթոշակը կազմում է ամսական 1800 լեհական զլոտի: Ծրագիրը կհոգա ուսման և բնակության վարձերը, ապահովագրությունը, ճանապարհածախսը Լեհաստան և հետ, վիզայի արժեքը, անհրաժեշտ նյութերի և գիտական գրականության ձեռքբերումը: Կտրամադրվեն համակարգիչներ, որոնք ծրագրի բոլոր պահանջների կատարումից հետո կարող են դառնալ սեփական:
Կիրկլանդի կրթաթոշակ ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետն է 2012թ. մարտի 1-ը:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնում (Հեռ. 56. 43. 71):
ԼԵՀ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ (ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ)
Հիմնադրամն իր գործունեությունն սկսել է 2000 թվականին: Հիմնադրամի գլխավոր նպատակն է`ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, հավասարության արժեքների, Լեհաստանում շուկայական տնտեսության ամրապնդումը, ինչպես նաև լեհաստանյան փորձի փոխանակումը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների հետ: Լեհ-ամերիկյան Ազատության հիմնադրամը ֆինանսավորվում է իր գործունեության արդյունքում ստացած եկամուտով (250 միլլիոն դոլար): Սկսած 2000 թվականից հիմնադրամն իր ծրագրերի համար ծախսել է ավելի քան 100 միլիոն դոլար:
Հիմնադրամի ծրագրերը ղեկավարում են լեհական ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք համապատասխանում են հիմնադրամի սկզբունքներին և ընթացակարգերին:
Ծրագիրը կոչվում է Լեյն Կիրկլանդի անունով, այն լեհ-ամերիկյան հիմնադրամի երկարատև ջանքերի արդյունքն է և ղեկավարվում է Վարշավայում գործող Ֆուլբրայթ (Fulbright) հանձնաժողովի կողմից` 2001թ-ից:
ԼԵՀ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՖՈՒԼԲՐԱՅԹ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Հանձնաժողովի գործունեությունը հիմնված է Լեհաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև 1990 թվականի մարտի 22-ի (նորացված 2008թ. մարտի 10) կնքված համաձայնագրի վրա:
Լեհական այս ծրագիրն ամենախոշորն է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, ինչպես նաև Լեհաստանի և Միացյալ Նահանգների միջև գործող ամենահեղինակավոր ուսումնական փոխանակման ծրագիրն է: Հանձնաժողովն աջակցում է ուսանողներին, ուսուցիչներին, և կրթական ու մշակութային գործիչներին, ինչպես նաև ուսանողների փոխանակմանը:
Լեհաստանում այս ծրագրի 50 տարվա գործունեության ընթացքում 2500 լեհ ուսումնառել է, կատարել հետազոտություններ և դասախոսություններ ունկնդրել ամերիկյան համալսարաններում, և մոտավորապես 1600 ամերիկացի էլ այցելել է Լեհաստան, կատարել հետազոտություններ լեհական բարձրագույն կրթական հաստատություններում:
Լրացուցիչ տեղեկատվության կարող եք ծանոթանալ՝ այցելելով այս հասցեով՝ www.pafw.pl
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին