Փետրվարի 17-ից ՀՊՏՀ-ում մեկնարկում է “Become a marketer“ դասընթացը՝ Ֆլորա Աթոյանի հետ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շարունակական կրթության և վերապատրաստումների բաժինը սկսում է նոր դասընթաց՝ “Become a marketer“ խորագրով, որը կմեկնարկի փետրվարի 17-ից։ Դասընթացը մասնակիցներին հնարավորություն կտա ձեռք բերել մարքեթինգի մասին տեսական և գործնական գիտելիքներ, ինչպես նաև հենց դասընթացի ժամանակ մասնակիցների նախագծերի առաջմղման պլանը մշակելու և իրագործելու հնարավորություն:
Նախաձեռնողները խոստանում են, որ մասնակիցները դասընթացի ավարտից հետո կկարողանան իրենց առաջին, սակայն հաստատուն քայլերն անել մարքեթինգի աշխարհում: Դասընթացը ներառում է մարքեթինգի 27+3 տեսակ, առանձին բաժին PR-ի մասին։ Բացի այդ, մեկ շաբաթ նվիրված կլինի «Գովազդ» բաժնին և առանձին դասաժամ` Social Media Marketing-ին:
Դասընթացը ձեզ համար է նախատեսված, եթե դուք`
- Ցանկանում եք տարին սկսել նոր մասնագիտությամբ, որը ձեզ եռանդ, ոգևորություն և ստեղծարարություն կպարգևի երկար ժամանակ։
- Որոշակի գիտելիքներ ունեք, նույնիսկ ստացել եք համալսարանական կրթություն՝ մարքեթինգին առնչվող որևէ մասնագիտությամբ, սակայն գործնականում դժվարանում եք կիրառել գիտելիքը:
- Զբաղվում եք smm-ով և մտածում՝ ինչպես զարգացնել փորձն ու գիտելիքները մարքեթինգի մյուս ուղղություններով:
- Մտադիր եք փոխել աշխատանքը, սիրում եք ձեր գործունեության ոլորտը, սակայն ժամանակն է նաև ձեզ փորձելու մարքեթինգի ոլորտում:
- Սկսել եք նոր բիզնես և առայժմ չեք կարող ձեզ թույլ տալ ներգրավել փորձառու մարքեթոլոգի, ուստի լավագույն լուծումն անձամբ մարքեթինգով զբաղվելն է:
- Ցանկանում եք հաջողությամբ դիրքավորվել որպես մասնագետ և անձնական PR-ի կարիք ունեք, ուստի որոշել եք ինքնուրույն զբաղվել այդ գործով:
Դասընթացը կվարի Ֆլորա Աթոյանը, ով ՀՊՏՀ-ում դասավանդում է «Մարքեթինգային հաղորդակցությունների կառավարում» դասընթացը: Նա աշխատում է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և առաջմղման վարչությունում` որպես խորհրդական: Մարքեթինգի և PR-ի ոլորտում Ֆլորա Աթոյանն աշխատում է սկսած 2014-ից հայկական, ռուսական և արաբական շուկաներում: Նրա սպասարկման և մարքեթինգային թրեյնինգներին մասնակցել է 1000-ից ավել մասնակից: Հեղինակային դասընթացներն են` “The Art of Customer Service”, Become a Marketer”.
“Become a marketer“ դասընթացը կանցկացվի շաբաթը 2 օնլայն և 1 օֆլայն հանդիպումներով (օֆլայն հանդիպումները՝ ժամը 13:00-15:00-ը՝ ՀՊՏՀ Տեմպուսի նիստերի սրահում, հասցեն՝ Նալբանդյան 128, մուտքը դարպասների կողմից):
Դասընթացի մասնակցության վճարը 59000 ՀՀ դրամ է, սակայն ՀՊՏՀ աշխատակիցները և ուսանողները դասընթացին մասնակցում են 30%, շրջանավարտները՝ 10% զեղչով։
Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան ՀՊՏՀ հավաստագրեր:
Դասընթացի ծրագրին և գրանցման կարգին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով: