Ի գիտություն զորակոչվող և զորացրված ուսանողների
Սիրելի ուսանողներ, ի պատասխան մեզ ուղղված ձեր բազմաթիվ նամակների՝ տեղին ենք համարում ևս մեկ անգամ պատշաճ տեղեկացնել ձեզ հետևյալ ընթացակարգի մասին, որը մեր խնդրանքով պարզաբանել է ՀՊՏՀ ուսումնական բաժինը:
Ժամկետային զինվորական ծառայության զորակոչված ուսանողը ծանուցագիրը ստանալուց հետո համալսարանի Քարտուղարությունում (ՀՊՏՀ, գլխավոր մասնաշենքի 3-րդ հարկ) ծառայության մեկնելու վերաբերյալ գրում է դիմում ՝ դիմումի մեջ նշելով ծանուցագրում նշված զորակոչման ամսաթիվը՝ ներկայացնելով ծանուցագրի բնօրինակը:
Եթե ուսանողը անձամբ չի հասցնում ծանուցագիրը ստանալուց հետո գրել դիմում, զինկոմիսարիատից տրված տեղեկանքի հիման վրա իր փոխարեն դիմումը գրում է ծնողը կամ հարազատը՝ դիմումին կցելով ծառայության անցնելու վերաբերյալ զինվորական կոմիսարիատից տրված տեղեկանքը:
Զորացրվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսանողը պարտավոր է ներկայանալ համալսարան և դիմում գրել ընդհատված ուսումը շարունակելու վերաբերյալ: Նշված ժամկետը գերազանցելու դեպքում ուսանողը զրկվում է ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածի իրավունքներից: Ուսանողը պետք է ներկայացնի զինվորական գրքույկը և զորացրվելու վերաբերյալ տեղեկանք զինվորական կոմիսարիատից: Քարտուղարությունում դիմումը գրելուց հետո ուսանողը այն տանում է համալսարանի Հատուկ բաժին /ՀՊՏՀ, գլխավոր մասնաշենքի 3-րդ հարկ/, որից հետո Քարտուղարությունն ընդունում է փաստաթղթերը:
Նշենք, որ ձեզ հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ կարող եք գտնել «Ուսանողի ուղեցույցում», որը հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Ուսանող» բաժնում՝ հետևյալ հղումով: