Հայտարարություն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մրցութային հիմունքներով ձևավորվող փորձագիտական խմբի վերաբերյալ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (այսուհետ՝ ՀՊՏՀ) նախաձեռնում է ՀՊՏՀ-ում մասնագիտական ծառայություններ մատուցող և մրցութային հիմունքներով ընտրվող ներքին փորձագիտական աշխատանքային խմբի ձևավորում։
2. Փորձագիտական խմբի աշխատանքը ենթադրում է համալսարանի կրթական գործընթացի և որակի ապահովման կարգավորումների մշակման, ինչպես նաև նոր մշակվող կամ գործող կրթական ծրագրերի ու դասընթացների ծրագրերի կառուցվածքի, դիզայնի, բովանդակության փորձագիտական գնահատման աշխատանքներում առաջավոր փորձի ներդրման և Համալսարանի գործունեության բարելավման ուղիների վերաբերյալ խորհրդատվության տրամադրման անընդհատ, շարունակական գործընթաց:
3. Սույն մրցութային ընտրության առաջարկը սահմանում է փորձագիտական խմբի գործունեության հիմնական ուղղությունները, ձևավորման և հաշվետվողականության ընթացակարգը:
4. Իր գործունեության ընթացքում փորձագիտական խումբը ղեկավարվում է ՀՊՏՀ 2017-2022 թթ. զարգացման ռազմավարության և գործողությունների ծրագրով, ՀՊՏՀ կանոնադրությամբ, ՀՀ օրենքներով և այլ իրավական փաստաթղթերով:
5. Փորձագիտական խմբի կազմակերպատեխնիկական և տեղեկատվական ապահովումն ու ընթացիկ աշխատանքների համակարգումն իրականացնում են ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը և որակի ապահովման բաժինը:
2 ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Փորձագիտական խմբի հիմնական նպատակներն են`
6. մշակել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության պրոֆեսորադասախոսական անձնակազմի մասնագիտական ատեստավորման կարգ»,
7. մշակել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության պրոֆեսորադասախոսական անձնակազմի ընտրության և տեղակալման կարգ»,
8. մշակել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ակադեմիական ազատությունների և էթիկայի (ներառյալ հետազոտությունների էթիկայի) կանոնակարգ»,
9. մշակել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ներքին կարգապահական կանոններ»,
10. մշակել Որակի ապահովման և կրթական գործընթացի կազմակերպման այլ կարգեր՝ ըստ պահանջի,
11. իրականացնել ՀՊՏՀ-ի ամբիոնների կողմից մշակվող կրթական ծրագրերի կառուցվածքի և բովանդակության փորձագիտական գնահատում՝ ըստ գործող չափորոշիչների և սահմանված ժամանակացույցի,
12. կատարել կրթական ծրագրերի իրականացման ընթացքի մշտադիտարկում և գնահատում,
13. իրականացնել կրթական ծրագրերից և դրանց առանձին բաղադրիչներից ուսումնառողների բավարարվածության հարցում և արդյունքների վերլուծություն՝ ըստ սահմանված ժամանակացույցի,
14. գնահատել շահակիցների (ուսանող, դասախոս, ծնող, հասարակություն) կրթական կարիքները և դրանք բավարարելու կարողությունները։
3 ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
15. Փորձագիտական խումբը բաղկացած է 10 անդամից, որից 2-ը՝ ՀՊՏՀ ուսանողներ:
16. Խմբի աշխատանքային լեզուն հայերենն է:
17. Փորձագիտական խումբը ձևավորվում է ՀՊՏՀ ներքին մրցութային ընթացակարգով: Փորձագետների ընտրությունը կատարվում է մրցութային հանձնաժողովի կողմից՝ թեկնածուների /հավակնորդների/ ինքնակենսագրականների (CV) և նրանց հետ հարցազրույցների արդյունքների հիման վրա: Ինքնակենսագրականները պետք է ներկայացնել 10-օրյա ժամկետում՝ մինչև սույն թվականի սեպտեմբերի 20-ը: Դրանք կարող եք առձեռն ներկայացնել ՀՊՏՀ ընդհանուր բաժին կամ ուղարկել info@asue.am էլ.փոստի հասցեով:
18. Փորձագետի թեկնածուն պետք է բավարարի հետևյալ պահանջներին`
19. լինի ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կամ վարչական անձնակազմի ներկայացուցիչ կամ ուսանող (այդ թվում մագիստրոս և ասպիրանտ),
20. ունենա համապատասխան գիտելիքներ կրթության որակի ապահովման ներքին և արտաքին գործընթացների վերաբերյալ (կրթության որակի ապահովման արտաքին և ներքին համակարգերի գիտելիքը հավաստող հավաստագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն),
21. ունենա համապատասխան գիտելիքներ և փորձառություն իրավական կամ ներքին իրավական փաստաթղթերի մշակման կամ փորձաքննության բնագավառում
22. ունենա համապատասխան փորձառություն կրթական ծրագրերի մշակման, փորձագիտության կամ դրանց իրականացման մշտադիտարկումների ոլորտում,
23. կարողանա իրականացնել կիրառական հետազոտություններ և վերլուծություններ,
24. կարողանա կիրառել վիճակագրական վերլուծության գործիքներ (օրինակ՝ տիրապետի SPSS, MS Excel, և այլն),
25. կարողանա կիրառել ռազմավարական վերլուծության գործիքներ:
4 ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺամկետԸ ԵՎ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
26. Փորձագետների աշխատանքը սկսվում է 2019թ. հոկտեմբերի 1-ից, մեկ տարի ժամկետով, որը կարող է երկարացվել ըստ անհրաժեշտության:
27. Փորձագետի մատուցած ծառայությունների դիմաց պատվիրատուն կատարում է ամենամսյա վճարում՝ համաձայն պայմանագրի գնի և կատարողականի: