Օսիյեկի համալսարանում ուսանելու հնարավորություն ՀՊՏՀ ուսանողների համար

17.04.2019
Դիտումների քանակ՝ 1085

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Օսիյեկի համալսարանի (Խորվաթիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն՝ ՀՊՏՀ ուսանողներին հնարավորություն կտրվի 2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակն անցկացնելու վերոնշյալ բուհում:

Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր

  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կուրսերում,
  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերում (եթե շարժունության ծրագրի ժամանակահատվածում ՀՊՏՀ-ում պրակտիկա նախատեսված չէ)
  • ունեն անգլերեն լեզվի իմացության B2 և բարձր մակարդակ,
  • ունեն բարձր առաջադիմություն,
  • ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:

Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև ս. թ. ապրիլի 25-ը ներառյալ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ-փոստին ուղարկեն՝

  1. անձնագրի լուսապատճենը,
  2. ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերեն)
  3. մոտիվացիոն նամակ (անգլերեն),
  4. անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ կամ տեղեկատվություն, որ մասնակցել եք արտաքին կապերի բաժնի կողմից կազմակերպված քննությանը (կամ տեղեկատվություն, որ մասնակցելու եք ապրիլի 25-ին նախատեսված քննությանը),
  5. նախորդ կիսամյակների կուտակային ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից:

Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել այն համալսարանի անունը, որին դիմում է ուսանողը: Դուք կհամոզվեք, որ հայտը արտաքին կապերի բաժինը ստացել է՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում պատասխան հաղորդագրություն ստանալով: Պատշաճ կերպով չլրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո լավագույն թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Խորվաթիայի երկարաժամկետ (D տեսակի) մուտքի արտոնագրի տրամադրման համար պատասխանատու դեսպանատունը գտնվում է Աթենքում: Ընտրված ուսանողները համապատասխան ընթացակարգով իրեն փաստաթղթերն ուղարկելու են Աթենք (Հունաստան)` Խորվաթիայի երկարաժամկետ (D տեսակի) մուտքի արտոնագիր ստանալու համար: Կրթաթոշակի շրջանակներում սույն գործընթացի և արտոնագրի վճարների հետ կապված ծախսերի փոխհատուցում չի նախատեսվում:

Այն ուսանողները, ովքեր ընթացիկ ուսումնական տարում չեն մասնակցել արտաքին կապերի բաժնի կողմից կազմակերպված անգլերեն լեզվի քննությանը, կարող են մասնակցել ապրիլի 25-ին նախատեսված քննությանը՝ նախապես (մինչև ս. թ. ապրիլի 23-ը ներառյալ) գրանցվելով հետևյալ հղմամբ:

Քննությանը գրանցված ուսանողները առաջիկայում լրացուցիչ կտեղեկացվեն քննության անցկացման վայրի և ժամի վերաբերյալ:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com հասցեով: