ՀՊՏՀ-ում վաղը կմեկնարկի գիտաժողով՝ «Ինստիտուցիոնալ կառույցներ, կառավարում և տարածաշրջանային զարգացում» խորագրով

04.09.2019
Դիտումների քանակ՝ 1306

Տարածաշրջանային գիտության կովկասյան ասոցիացիան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ 2019 թվականի սեպտեմբերի 5-6-ը Երևանում կազմակերպում է գիտաժողով «Ինստիտուցիոնալ կառույցներ, կառավարում և տարածաշրջանային զարգացում» խորագրով: Գիտաժողովի նիստերը տեղի կունենան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ Գիտաժողովի բացման արարողությունը տեղի կունենա ս․թ․ սեպտեմբերի 5-ին, ժամը 10։00-ին ՀՊՏՀ մեծ դահլիճում:

Գիտաժողովի նպատակն է գիտական հարթակ տրամադրել այն գիտնականներին և երիտասարդ հետազոտողներին, ովքեր հետաքրքրված են տարածքային տնտեսությամբ և պլանավորմամբ, տարածաշրջանային և համայնքային զարգացմամբ, ինչպես նաև հարակից հարցերով: Գիտաժողովը նաև յուրահատուկ հնարավորություն է ընձեռում ցանցային համագործակցության և ընթացիկ հետազոտությունների վերաբերյալ գաղափարների փոխանակման համար:

Գիտաժողովի հիմնական թեմաներն են «Տարածաշրջանային կայուն զարգացման մեթոդները և գործիքները», «Համայնքների արդյունավետ կառավարում․ մեծ կամ փոքր համայնքներ», «Տարածաշրջանային զարգացման նոր հեռանկարները», «Խելացի քաղաքներ․ մարտահրավերները և հնարավորությունները» և այլն։

Գիտաժողովի հիմնական բանախոսներն են Պետեր Նայկամպը (Վրիայի համալսարան, Նիդեռլանդներ), Կարիմա Կորտիտը (Վրիայի համալսարան, Նիդեռլանդներ), Ռոբերտո Կամանիան (Միլանի պոլիտեխնիկական համալսարան, Իտալիա), Թոմազ Դենտինյոն (Ազորիայի կղզիների համալսարան, Պորտուգալիա), Զոյա Թադևոսյանը, (ՀՊՏՀ), Ատոմ Մարգարյանը (ՀՊՏՀ), Ռուբեն Հայրապետյանը (ՀՊՏՀ), Վահե Բուլանիկյանը (ՀՊՏՀ), Նարեկ Կեսոյանը (ՀՊՏՀ) և Ալբերտ Հայրապետյանը (ՀՊՏՀ):

Գիտաժողովի մասին հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժնից և առաջարկում օրակարգին ծանոթանալ այստեղ: